Մատչելիության հղումներ

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար


Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենին:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով` «կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը»:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն է, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան», - ասված է հաղորդագրությունում:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՔՕ հիշյալ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

258.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG