Մատչելիության հղումներ

Գյումրիի ՌՈ բաժանմունքի նախկին պետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել Հայաստանի պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնդապետ Մ. Մուրադյանը, հանդիսանալով հետաքննության մարմնի պետ, 2011 թվականի հունիսի 20-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներքին քննությունների և անվտանգության բաժնի պետի, իսկ 2015 թվականի նոյեմբերի 30-ից սկսած՝ ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը, 2014 թվականի հոկտեմբերին իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է. Մարտիրոսովից տեղեկանալով վերջինիս որդու՝ Վ. Մարտիրոսովի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու հիմքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին, նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև ապօրինի անգործություն ցուցաբերելու նպատակով, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ քննչական մարմնի, Մուրադյանը, պարտավոր լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, Մարտիրոսովի հետ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս որդու՝ օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա Ռուսաստանի քաղաքացու անձնագրում Հայաստանից ելքի կնիք դնելու, հետագայում նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ տրամադրելու գործընթացները կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ: «Ապա, 2015 թվականի փետրվարի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Է. Մարտիրոսովից բանկային փոխանցումների միջոցով մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք և շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` Վ. Մարտիրոսովի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, ավելին՝ 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Վ. Մարտիրոսովին պահել է իր առանձնատանը՝ բնակության համար նրան տրամադրելով առանձնատանը կից օժանդակ շինության սենյակներից մեկը», - ասված է հաղորդագրությունում:

Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Զինվորական կենտրոնական դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG