Մատչելիության հղումներ

«Իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, եղավ». Սիս գյուղի ավտոճանապարհը վերանորոգվել է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է Սիս գյուղի փոքրիկների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է Սիս գյուղի փոքրիկների հետ

Արդեն 7 ամիս է անցել «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի այն թողարկումից, որի ընթացքում Սիս գյուղի տասնամյա բնակիչ Սամվելը բողոքում էր, թե չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը՝ համայնք տանող ճանապարհը դեռ անբարեկարգ է:

Այժմ երեխան գոհ է՝ ճանապարհը վերանորոգել են։ Այսօր էլ անձամբ վարչապետն էր Սիսում։ Ինչպես ինքն էր նշել՝ եկել էր երեխաներին զեկուցելու, որ խոստումը կատարված է։ Վարչապետն ու Սամվելն այսօր տեսախցիկների առաջ զրույցի բռնվեցին։ Նախ Սամվելն ասաց. «Իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, եղավ», - ապա շարունակեց. «Թե ասֆալտի շտկումները քանի սանտիմետր է, ինչ է, էտ արդեն ես չգիտեմ, էտի արդեն իմ գործը չի, էտի արդեն դուք ձեր մեջ կտենաք՝ քանդվելու է, չի քանդվելու», - ասաց երեխան։ Իսկ վարչապետն էլ ժպտալով հետաքրքրվեց, թե այսինքն՝ որակի հետ Սամվելը գործ չունի՞։

«Բա դու պիտի նայեիր», - նկատեց Փաշինյանը, ով Սամվելին և մյուս երեխաներին հորդոր ուներ. - «Դուք նախ պետք ա մաքուր պահեք, երկրորդն էլ՝ պիտի լավ սովորեք։ Կամ առաջինը՝ լավ սովորեք, երկրորդն էլ՝ մաքուր պահեք»։

Սամվելիկը վարչապետի համար բանաստեղծություն էր պատրաստել, որը նվիրված էր Փաշինյանին։ Զրույցի ընթացքում էլ վարչապետը Սամվելին խորհուրդ տվեց՝ բանաստեղծություն գրելիս գրել սիրո, բնության մասին, այլ ոչ ղեկավարների մասին. - «Շնորհակալության բան չկա, էս մեր պարտականությունն ա», - ասաց վարչապետը։

Իսկ արդեն «Ազատության» հարցին պատասխանելով՝ Սամվելն անկեղծացավ՝ բանաստեղծությունը պատրաստելիս ուսուցիչներն են օգնել։ Նա նաև ներկայացրեց՝ ընդհանուր ինչ տպավորություն է ստացել վարչապետի հետ հանդիպումից. - «Գոհացրեց ինձ, ինքը որ տենց ուշադրություն դարձրեց ինձ»։

Սամվելը, որին գյուղում շատերն արդեն «փոքրիկ գյուղապետ» են կոչում, հայտնեց համայնքի մեկ այլ խնդրի մասին՝ դպրոցը չի ջեռուցվում. - «Այսօր պլիտաներով է տաքանում ամեն մի դասարանը, ընդհանուր դպրոցի շենքը»։

Երեխայի խոսքով՝ ինքը դպրոցում նորմալ է սովորում, ասում է՝ այնքան, որքան կարող է։ Դպրոցի տնօրենն էլ հավելեց՝ Սամվելը շատ ընդունակ տղա է, բայց մի փոքր ծուլանում է։ Իսկ Սամվելը վստահեցրեց՝ կանի ամեն ինչ առաջադիմությունը բարելավելու համար, անգամ հասցրեց մի փոքր փիլիսոփայել․ - «Սովորողը սովորելու ա, չսովորողն էլ չի սովորելու։ Ջեռուցումը կապ չունի, եթե դու ուզում ես սովորել, սովորելու ես, եթե չես ուզում, չես սովորելու»։

XS
SM
MD
LG