Մատչելիության հղումներ

Վարչապետը ծանոթացել է Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին


Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիս՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Սիս համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 153,6 մլն դրամ։

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա այլևս ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք», - նշել է 10-ամյա Սամվելը:

Մայիսին «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի նկարահանման ժամանակ Սիսի երեխաները բողոքել էին՝ վարչապետը երկու ամիս առաջ գյուղ այցելելով խոստացել էր, որ ճանապարհը կնորոգի, «բայց մինչև հիմա նորոգում ա»:

Փաշինյանը օրեր անց Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր այդ հաղորդմանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցնելով, թե ինչու չեն նորոգում ճանապարհը: Նախարարը խոստացել էր, որ հաշվի առնելով երեխաների խնդրանքը՝ Սիսում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն։

Այնուհետև վարչապետն այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է բարերար, ռուսաստանաբնակ Մամիկոն Կարապետյանի միջոցներով:

Ժամանակակից չափանիշներին համապատասխանող և ամբողջությամբ նոր գույքով համալրված կրթօջախի բացման արդյունքում համայնքում կստեղծվի 8 աշխատատեղ: Մանկապարտեզում կգործի 1 խումբ՝ 25-ից 28 երեխայով:

XS
SM
MD
LG