Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 1993 թվականին ծնված երիտասարդը ընկերոջ հետ՝ ծնված 1991 թվականին, ծրագրված գործողությունների միջոցով փորձել են ազդել դատավորի կողմից կոնկրետ քրեական գործով հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:
«Քննության տվյալներով՝ երիտասարդները, նախապես տեղեկանալով դատավոր Ա. Դանիբեկյանի՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, գնացել են ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն դատավորին, հանդիպումը տեսաձայնագրեն և այն ուղիղ կապի միջոցով «Փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել», - ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:
Նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, կրկին հետապնդել են դատավորին և նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ հարցեր տվել դատավորի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից՝ նրա նկատմամբ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:
Երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: