Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը՝ վերացնելու նրա ազատ տեղաշարժման իրավունքի խախտումները


Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը՝ վերացնելու Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումները:

Դանիբեկյանը նշեց, որ դատարանը չի կարող վերացնել Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից թույլ տրված խախտումները:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով՝ անցած ամռանը փորձել է Վրաստան գնալ՝ այցելության ծնողների և եղբոր գերեզմանին, բայց սահմանապահները թույլ չեն տվել լքել երկիրը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հավելեց՝ անցած օգոստոսին է պաշտպանյալը փորձել մեկնել Վրաստան, բայց հենց սահմանին տեղեկացել են, որ Խաչատուրովը գտնվում է այնպիսի ցուցակում, որի մեջ ընդգրկված անձինք չեն կարող դուրս գալ երկրից: Հետագայում էլ նաև նշել են, որ պատճառն այն է, որ նա ամբաստանյալ է:

«Հանգում ենք մի պարզ ճշմարտության, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և անօրինական կարգով արգելք սահմանել Յուրի Խաչատուրովի սահմանահատումների նկատմամբ: Այս եզրակացությանն ենք գալիս նաև այն պատճառով, որ 2019 թվականի հունիսի 6-ի դրությամբ հին քրեական գործով վարույթն իրականացնող միակ մարմինը հանդիսացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ սույն քրեական գործով քննիչի արդեն 2019 թվականի սեպտեմբերի 13-ի գրության համաձայն քրեական գործով Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելք չի կիրառվել», - նշեց փաստաբանը:

Փաստաբանը հավելեց, որ Խաչատուրովի դեպքում կիրառված է 5 միլիոն դրամ գրավը և, ըստ էության, նրան չպետք է արգելեին դուրս գալ երկրից:

Ի պատասխան դատախազները հայտարարեցին՝ այս միջնորդությունը ամենևին էլ կապ չունի այս գործի հետ և եթե նման խախտումներ է եղել, ապա փաստաբանը պետք է դիմի իրավապահներին, ոչ թե այս դատարանին:

Դատախազներ թե՛ Գևորգ Բաղդասարյանը և թե՛ Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ նման արգելք Յուրի Խաչատուրովի առումով չկա:

«Հարգելի դատարան նման սահմանահատումների արգելք չի նախաձեռնվել վարույթն իրականացնող մարմնի կողմից և ինչպես պարոն Բաղդասարյանը շեշտեց, նաև հույս ունենք, որ դատարանը չի կիրառել նման արգելք: Ինչ վերաբերում է դարձյալ այդ թնջուկին, որ դատախազները ճիշտն են ներկայացնում, թե սխալն են ներկայացնում, այդ արգելելու վերաբերյալ հանգամանքները, որոնք մատնանշվում են, մենք դարձյալ կրկնում ենք՝ այս միջնորդության շրջանակներում այս դատարանում քննության առարկա դառնալ չեն կարող, հետևաբար, մենք այդ հանգամանքներին նաև արձագանքելու, դիրքորոշում արտահայտելու, պատասխանելու հնարավորությունից զրկված ենք», - ասաց Պետրոսյանը:

Այսօր միջնորդությամբ հանդես եկավ նաև սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, 2008-ին զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանի փաստաբանը: Կարեն Մեժլումյանը հայտարարեց՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը քրեական օրենսգրքի մեջ է ներառվել 2009-ին, մինչդեռ Օհանյանը մեղադրվում է 2008-ի իրադարձությունների համար:

«Այս գործով հիմնական մեղադրանքը 300.1 հոդվածով նախատեսված գործողությունները կատարելն է կամ օժանդակելը: Իրադարձությունները, որոնց մասնակից լինելու համար մեղադրվում է Օհանյանը, տեղի են ունեցել 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մինչդեռ հիշյալ հոդվածը ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտին, երբ գործել է 300-րդ հոդվածը՝ իշխանությունը յուրացնելու մասին», - նշեց Մեժլումյանը:

Ըստ Կարեն Մեժլումյանի, Օհանյանի մասով այս քրեական գործը ենթակա է կարճման, քանի որ ըստ օրենքի՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների համար, որոնք կատարման պահին հանցագործություն չեն եղել:

Մինչդեռ մեղադրող դատախազները հայտարարեցին՝ այս հարցը դեռ ամիսներ առաջ է քննարկվել նաև դատարաններում, որոնք էլ տվել են իրենց գնահատականը:

«Խափանման միջոցի քննարկման ժամանակ առաջին ատյանի դատարանները, Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև՝ Վճռաբեկ դատարանը արդեն իսկ անդրադարձել են այս հարցին և տվել համապատասխան գնահատական՝ պաշտպանական կողմից մատնանշված հանգամանքներ չտեսնելով: Ավելին, դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելով՝ արդեն իսկ դատարանն անդրադարձել է այս հարցին, և վարույթը կարճելու հանգամանքներ չի տեսել: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ պաշտպանության կողմից, առավել ևս՝ միջնորդությունը հարուցած պաշտպանի կողմից, որևէ նոր հանգամանք չի վկայակոչվել», - հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, թեև այս գործում քննարկվող իրադարձությունները 2008-ին են տեղի ունեցել, և որ մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ գործող օրենսդրության և հետագայում էլ կատարված փոփոխություններով. «Այս հարցը շատ պարզ է. քրեական օրենսգրքի 300 և 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի վերլուծությունից ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հանցավոր արարքը նախատեսված է եղել ինչպես 2008 թվականին, այնպես 2018 թվականի գործող օրենսդրությունով, այսինքն՝ պաշտպանության կողմից որևէ մեկը չի կարող վիճարկել, որ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելը որպես Քրեական օրենսգրքով նախատեսված արարք գոյություն չի ունեցել»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դեկտեմբերի 10-ից 30-ը գտնվելու է արձակուրդում, և աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստ նշանակեց արդեն 2020-ի հունվարի 9-ին:

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ իրենք ևս միջնորդություն ունեն ներկայացնելու՝ կապված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ: Նմանատիպ միջնորդություններ ունեին նաև մյուս ամբաստանյալների փաստաբանները, որոնք արդեն Ամանորից հետո հնարավորություն կունենան դա անել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նաև ասաց՝ մտադիր էին միջնորդություն ներկայացնել նախկին նախագահին կալանքից անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու, ինչի հնարավորությունն այս տարի այլևս չեն ունենա:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի բացառվում, որ այս միջնորդությունը ներկայացնեն մեկ այլ դատավորի, ինչի իրավունքն ունեն: Իսկ թե ով կամ ովքեր են ցանկություն հայտնել անձնական երաշխավորություն ներկայացնել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, փաստաբանները դեռևս չեն մանրամասնում:

XS
SM
MD
LG