Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիբեկյանը եզրահանգել է՝ դատախազ Պետրոսյանի գործողություններում կանխակալ վերաբերմունք չկա


Դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ
Դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը եզրահանգել է, որ դատախազ Պետրոս Պետրոսյանի գործողություններում կանխակալ վերաբերմունք չկա։ Նման պնդում անում էին Քոչարյանի և մյուսների փաստաբանները՝ դատախազին անցած շաբաթ բացարկի միջնորդություն ներկայացնելիս։

«Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջում տեղադրված որոշման մեջ դատավորը գրել է՝ պաշտպանության կողմը չի վկայակոչել որևէ հանգամանք, որը կբացառի այս քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Պետրոս Պետրոսյանի մասնակցությունը դատավարությանը։

«Ազատության» հետ զրույցում սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ դատավորն, ըստ էության, այս որոշումը խախտումներով է կայացրել։ Փաստաբանի կարծիքով, հիմքեր կան դատավորին կրկին ինքնաբացարկ հայտնելու, բայց դեռևս նման հարց չեն քննարկում։

«Խախտումներից բացի, ամենացավալին այն է, որ նման վերաբերմունքը դատարանի կողմից թույլ է տալիս դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում դատախազության կողմից, երբ որ տեսնում ենք, որ դատախազը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է վիճարկի կամ չկատարի, ու մեկ այլ դատավոր կամ հենց նույն դատական ակտը կայացրած դատավորը հետամուտ չի լինում, որ դատավարական կոնկրետ մասնակիցը իր կարգավիճակում մնա և դատարանի որոշումները կասկածի տակ չդնի: Դա հենց ամենամեծ սպառնալիքն է, որ դատական համակարգի նկատմամբ կարա լինի», - նշեց Խուդոյանը:

Խուդոյանը դատարանում առնվազն 10 խախտում էր վկայակոչել։ Բայց դատավոր Աննա Դանիբեկյանը շեշտել է՝ քննիչի թույլ տված խախտումները հետագայում հիմնավոր կամ էլ ոչ իրավաչափ ճանաչվելը չի կարող բավարար հիմք լինել դատախազի կանխակալ վերաբերմունքն արձանագրելու համար: Փաստաբան Խուդոյանը, մասնավորապես նշել էր, որ քննիչը Քոչարյանի և նրա որդիների գույքն անօրինական է կալանքի տակ առել, այս հանգամանքն անգամ դատարանն է ճանաչել որպես իրավունքների խախտում։

Դատարանում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ մեղադրող կողմը դատարանին միակողմանի ընտրված նյութեր է ներկայացրել և դրանք հերքող նյութերը թաքցվել են, ինչպես նաև Քոչարյանին արդարացնող մի շարք ապացույցներ և նյութեր առհասարակ չի ներկայացվել դատարան։

«Գործով քննությունը պետք է կատարվի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ, պետք է բացահայտվեն ինչպես մեղադրյալին մերկացնող, այնպես էլ արդարացնող հանգամանքները, այս պարտականությունը կրում է պարոն Պետրոսյանը, թեկուզ վերցնենք այն հանգամանքով, որ նա է ստորագրել և հաստատել մեղադրական եզրակացությունը: Մեղադրական եզրակացություն, որն իրենից ներկայացնում է այս քրեական գործի հինգ թե վեց հարյուր հատորանոց փաստաթղթերի սեղմագիրը, թեև ասում են, որ 79 հատորների սեղմագիր է», - ասաց Սահակյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը գրում է, որ դատախազն առհասարակ գործում է ներքին համոզմամբ և Քոչարյանի կալանքի հարցի, ինչպես նաև դատարան ներկայացված միակողմանի նյութերի վերաբերյալ պաշտպանության կողմի դիրքորոշման հետ չհամաձայնելը չի կարող դիտվել որպես կողմնակալություն։

Աննա Դանիբեկյանը եզրահանգել է նաև, որ ապացույցների և փաստերի վերաբերյալ որոշակի համոզմունք ունենալը, գործում առկա ապացույցներն իր ներքին համոզմամբ գնահատելը չի կարող որակվել որպես ամբաստանյալի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի դրսևորում և պատճառ դատախազին գործից հեռացնելու համար:

Քոչարյանի փաստաբաններն անցած շաբաթ դատարանում նաև հայտարարել էին, թե նախաքննության ժամանակ քննիչը կեղծել է 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանի և Քոչարյանի հնարավոր առերեսման մասին արձանագրությունը։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի, ցուցմունքներ տալուց հրաժարվող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել այդ առերեսմանը, մինչդեռ քննիչը գրել է, որ նրանց միջև առերեսում եղել է։

«Ձևակերպված է հարց, տրվեց պատասխան, որից հետո պարոն Քոչարյանը լքեց սենյակը: Իրականության հետ, եթե էդ արձանագրությունը համապատասխաներ, պետք է լիներ հարցը չտրվեց, որովհետև պարոն Քոչարյանը լքեց սենյակը», - ասաց Խուդոյանը:

«Ազատության» հարցին, թե մինչև սենյակը լքելը քննիչի կողմից հարց չի տրվե՞լ, փաստաբանը պատասխանեց․ «Քննիչը հարցը տվել է, այսինքն քննիչը հարցն ինքն իր ձեռքով գրում էր էդ արձանագրության մեջ, երբ որ մենք դուրս էինք գալիս սենյակից: Այնուհետև, երբ ինքն այդ հարցը հնչեցրել է հավանաբար Արշակ Կարապետյանն այդ հարցին պատասխանել է այն պայմաններում, երբ որ արդեն սենյակում իրենք երկուսով էին, ինչը չի կարող համարվել առերես հարցաքննություն»:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առերեսման, ինչպես նաև փաստաբանների փաստարկներին, դատարանն արձանագրում է, որ նման հարցերը չեն կարող քննարկման առարկա լինել դատավարության տվյալ փուլում։ Այսինքն՝ ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս հարցերը կարող են պարզվել և լուծում ստանալ դատարանում։

Երեկ էլ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների փաստաբանները բացարկ հայտնեցին մեկ այլ դատախազի՝ Կարեն Բիշարյանին՝ կրկին պնդելով՝ նա կանխակալ վերաբերմունք ունի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը այս միջնորդությունը ևս մերժեց։ Այս դեպքում դատավորի հիմնավորումը դեռևս հասանելի չէ դատական տեղեկատվական համակարգում։

XS
SM
MD
LG