Մատչելիության հղումներ

Լոնդոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսում խոսում է Լոնդոնի գագաթնաժողովի մասին, Բրյուսել, 29-ը նոյեմբերի, 2019թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսում խոսում է Լոնդոնի գագաթնաժողովի մասին, Բրյուսել, 29-ը նոյեմբերի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գումարվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:

Լոնդոնի ընտրությունը պատահական չէ, Հյուսիսատլանտյան դաշինքը հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949 թվականի ապրիլի 4-ին, Վաշինգտոնում, իսկ առաջին կենտրոնակայանը հենց Լոնդոնում էր՝ Բելգրեյվի հրապարակում:

Երկու տարի անց այն տեղափոխվել է Փարիզ, այսօր կենտրոնակայանն արդեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում է, որտեղ գտնվում են արևմտյան աշխարհի ինտեգրման հիմնական կազմակերպությունների կենտրոնները:

«Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային գագաթնաժողովը հյուրընկալելու համար, Լոնդոնում էր մեր առաջին կենտրոնակայանը, Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի 12 հիմնադիր հայրերից մեկն է», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասել է 29-ի:

Այս գագաթնաժողովը գումարվում է մի ժամանակաշրջանում, երբ առկա են լուրջ տարաձայնություններ ՆԱՏՕ-ի առանցքը համարվող Միացյալ Նահանգների և դաշինքի եվրոպական երկրների միջև:

Վաշինգտոնը պահանջում է եվրոպական երկրներից ավելացնել պաշտպանության ծախսերը:

Եվրոպայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը հակասական են համարում: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնիսկ վերջերս ասել է, թե «ՆԱՏՕ-ն ուղեղի կաթվածի վիճակում է»:

Թուրքիան ներխուժել է Սիրիա՝ գործողությունը չհամաձայնեցնելով ոչ ամերիկացիների և ոչ էլ եվրոպացիների հետ:

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն ասել է, որ «Թրամփի վերընտրության դեպքում ՆԱՏՕ այլևս չի լինի»:

Լոնդոնյան գագաթնաժողովի օրակարգում են կիբերանվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակը և հարաբերությունները հետզհետե հզորացող երկու գերտերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Իհարկե, կքննարկվի նաև ֆինանսավորման դժվար թեման:

«Լոնդոնի գագաթնաժողովն ընձեռում է մեր դաշինքի անվտանգությանը սպառնացող այսօրվա և ապագայի մարտահրավերները քննարկելու հնարավորություն, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք դաշինքի անդամ երկրների մոտ մեկ միլիարդ բնակիչների պաշտպանությունն ապահովելու համար», - ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

XS
SM
MD
LG