Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է անձրև, դեկտեմբերի 3-6-ը՝ առանց տեղումների եղանակ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը՝ Գեղարքունիքի մարզի կողմից, կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը: