Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն է տվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու պատիժը խստացնող օրինագծին


ՀՀ ԶՈւ ստորաբաժանում, արխիվ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանում, արխիվ

Կառավարությունը հավանություն է տվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին:

Կառավարությունը հավանություն է տվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին:

Օրենսդրական փոփոխության հեղինակ, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում նոր հոդված սահմանել՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով երեքից հինգ տարի ազատազրկում:

Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ պատժաչափերն էլ կխստացվեն: Կառավարությունը, հավանություն տալով Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի օրենսդրական փոփոխությանը, առաջարկում է Քրեական օրենսգրքում միանգամից երկու նոր հոդված սահմանել՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է վեցից մինչև ինը տարի ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում, և 360.2 հոդվածը՝ «Զինծառայողին անուղղակի դիտավարությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում, ընդհուպ մինչև 14 տարի ժամկետով:

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, Քրեական օրենսգրքում նոր հոդվածների սահմանումն ու պատժաչափերի խստացումը որոշ չափով կնպաստի, որ բանակում նվազեն ինքնասպանության դեպքերը:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Ցավոք սրտի, բանակում մահերի թիվը հակառակորդի կրակոցից մի քանի անգամ շատ ավելի պակաս է, քան ինքնասպանությունների, բանակում, զորանոցում, զորանոցից դուրս, զորամասից դուրս ոչ կանոնադրական հարաբերությունների կամ կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառով դեպքերն իսկապես շատ մտահոգիչ են, 2018 թվականին մենք 11 ավելի դեպք ենք ունեցել, այսինքն՝ միջինացված տարեկան ինը-տասը դեպք ինքնասպանության, ինքնասպանության դրդման մենք ունենում ենք: Եվ Քրեական օրենսգրքում հստակեցված չէր ի վերջո ինքնասպանության դրդելը, զինվորին անընդհատ նվաստացնելը, ես վստահ եմ, որ պիտի խստագույնս պատժվի, որ գոնե Քրեական օրենսգրքի այդ գործիքով մենք կարողանանք զսպել զինվորի հանդեպ նվաստացուցիչ գործողությունը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Ազատության» հարցին, թե պատժաչափի խստացումը զսպող հանգամանք կհանդիսանա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո։ Հույս ունեմ, որ որոշակի զսպող մեխանիզմ կլինի բոլոր նրանց համար, ովքեր կարծում են՝ զինվորն իրենց ստրուկն է, իրենց ենթական ու կամակատարն է: Եվ ես կարծում եմ, որ սա որոշակիորեն կմեղմի այս բավականին ծանր վիճակագրությունը, որ մենք այսօր ունենք բանակում ինքնասպանությունների հետ կապված»։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով Զինված ուժերում տեղի ունեցող ինքնասպանություններին, վստահեցրեց՝ պաշտպանական գերատեսչությունն իր հետևություններն անում է, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժն ստանում են։

Գաբրիել Բալայան
Գաբրիել Բալայան

«Բոլոր դեպքերում բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այսինքն՝ զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ապահովագրել ամբողջովին, ցավոք, հնարավոր չէ։ Դա ես արձանագրում եմ որպես թերություն, շատ անելիքներ կան, որ ուղղորդվի, և բացառենք այդ ամենը», - նկատեց փոխնախարարը։

Գաբրիել Բալայանը ձեռնպահ մնաց որևէ կարծիք հայտնել զինծառայողին ինքնասպանություն հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենսդրական փոփոխության վերաբերյալ:

Փոխարենը բանակի խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործության համար պատժաչափի խստացումը բավարար պայման չէ Զինված ուժերում ինքնասպանությունները նվազեցնելու համար․ - «Պատիժների խստությունը ոչ մի անգամ չի բերել հանցագործությունների թվի նվազեցմանը: Սա օրինաչափություն է: Այստեղ շատ կարևոր է զենքով մարդու հետ աշխատանքը: Դա հոգեբանական, կրթական, սոցիալական․․․ որպեսզի մարդը պատասխանատվությունը և՛ իր նկատմամբ, և՛ մյուսների նկատմամբ գիտակցի ոչ թե վախի ազդեցության ներքո, այլ դա լինի իր ոչ միայն համոզմունքը, այլ նաև կրթվի»:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում ինքնասպանության դեպքերով իրենք մշտապես հարց են բարձրացնում, թե արդյոք հրամանատարը, կամ հոգեբանը կարողացել են ժամանակին հետևել զինծառայողի վարքագծի փոփոխությանը, վերհանե՞լ են ծառայակիցների միջև խնդիրները և ի՞նչ քայլեր են ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

Հետևաբար, Սաքունցի համոզմամբ, Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններում անհրաժեշտ է պատասխանատվություն սահմանել նաև ղեկավար կազմի անգործության համար․ - «Ես պնդում եմ, որ իմ նշած այդ աշխատանքները կրել են կա՛մ ձևական բնույթ, կա՛մ ընդհանրապես աշխատանքներ չեն կատարվել: Հետևաբար, եթե այդ հոդվածների նկարագրության մեջ ընդգրկվեր նաև հրամանատարի կողմից ոչ պատշաճ աշխատանքը, որը հանգեցրել է նման հետևանքների, ես էլի կհասկանայի: Խոսքը բռնության մասին չէ, անգործությունը, պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը»:

Հավելենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, Զինված ուժերում այս տարվա ընթացքում արդեն իսկ 9 ինքնասպանության դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG