Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 9-ին Փարիզում ծրագրվում է Պուտին - Զելենսկի առաջին հանդիպումը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Պաշտոնական Մոսկվան և Կիևը հայտարարում են դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք Պուտին - Զելենսկի առաջին հանդիպման մասին:

Փարիզում եկող շաբաթ նախատեսված է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը:

«Կարծում եմ՝ այնտեղ, Փարիզում կլինեն մի շարք երկկողմ հանդիպումներ՝ և՛ Մերկելի, և՛ Մակրոնի, և՛ նաև Պուտինի հետ», - երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, թե, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների նաև երկկողմ հանդիպումը Փարիզում՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի շրջանակում:

«Կարծում եմ՝ զարգացումներն այնպիսին են, որ առանձին հանդիպում ևս տեղի կունենա», - հայտարարել է Ուշակովը: Գագաթնաժողովի ծրագիրն էլ, նրա խոսքով, համաձայնեցման փուլում է՝ բանակցություններ, աշխատանքային ճաշ և հետո նաև՝ մամուլի ասուլիս:

Պուտին - Զելենսկի առաջիկա հանդիպումը, բնական է, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո երկու երկրների ղեկավարները բազմիցս զրուցել են հեռախոսով, տարբեր հարցեր համաձայնեցրել: Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալված անձանց, Կիևը հետ է քաշել ռազմական ստորաբաժանումները Դոնբասում, Մոսկվան Կիևին է վերադարձրել անցած տարի նոյեմբերին Կերչի մոտ ձերբակալած ռազմական նավերը․ ճիշտ է՝ Կիևը բողոքում էր, որ նավերում որոշ գույք բացակայում էր:

Հիշեցնենք՝ Դոնբասում պատերազմական գործողությունների ավարտը Զելենսկու նախընտրական հիմնական խոստումներից էր:

XS
SM
MD
LG