Մատչելիության հղումներ

Պուտինը չի հրաժարվում Զելենսկու հետ հանդիպումից, «բայց այն պետք է լավ պատրաստել»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, բայց այն պետք է լավ նախապատրաստել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա, մինչ այժմ բոլորը կենտրոնացած են «նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողով նախապատրաստելու շոււրջ։ Նա հավելել է, որ Մոսկվան ողջունում է ուժերի բաժանման գործընթացն Ուկրաինայի հարավ-արևելքում։

Ավելի վաղ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր իր միջնորդական օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում։ Նա նշել է, որ առանձնազրույցի վերաբերյալ արդեն համաձայնություն է ստացել Զելենսկուց և այդ մասին տեղեկացրել է Պուտինին։ «Եթե անհրաժեշտ է չեզոք հաթակ, առաջարկում եմ հանդիպումն անցկացնել Ղազախստանում», - «Ռոյթերսի» փոխանցմամբ, ասել է Նազարբաևը։

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն նախօրեին հայտարարել էր, թե Զելենսկին չի փորձում Պուտինի հետ համաձայնության գալ, պարզապես Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավոր ուղիներ է փնտրում, այնպիսի հարաբերություններ, որոնց պայմաններոմ Ուկրաինայում մարդիկ չզոհվեն։

Դոնբասում ռազմական գործողությունների ավարտը Զելենսկու նախընտրական հիմնական խոստումներից մեկն է, նա կարծում է, որ այս հարցը կարող է կարգավորել միայն Մոսկվան։ Այս օրերին Կիևը փորձում է կազմակերպել «նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովը, սակայն հանդիպման օրվա շուրջ դեռևս չի կարողացել համաձայնության գալ Մոսկվայի հետ։

Ի դեպ, սա առաջին անգամ չէ, երբ նման իրավիճակներում Նազարբաևը միջնորդի դեր է ստանձնում Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու հարցում։ 2016-ին նա միջնորդել էր Պուտին-Էրդողան հանդիպման համար, երբ երկու պետությունների հարաբերությունները կտրուկ վատացել էին 2015-ի նոյեմբերին ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի հետ կապված հայտնի միջադեպից հետո։

XS
SM
MD
LG