Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ռուս և ուկրաինացի բանտարկյալների փոխանակումը


Ուկրաինա - Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դիմավորում են Ռուսաստանից վերադարձող նախկին բանտարկյալներին, 7-ը սեպտեմբերի, 2019թ.

Վերջապես տեղի ունեցավ երկար սպասված բանտարկյալների փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Երկու կողմերը փոխանակել են 35-ական բանտարկյալ, այդ թվում` ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, ում աջակցության համար պայքարում էին հայտնի ռեժիսորներ և դերասաններ տարբեր երկրներում և ով Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով։

Բոլոր լրատվամիջոցները՝ թե՛ ուկրաինական, թե՛ ռուսաստանյան և ոչ միայն, ուղիղ եթերում ցույց են տվել այդ փոխանակումը։ Պատկերը Մոսկվայի «Վնուկովո» և Ուկրաինայի «Բարիսպոլ» օդանավակայաններում տարբեր էր. «Վնուկովո»-ում ամեն ինչ փակ էր լրագրողների համար, և նրանք կարող էին միայն պարիսպը ցուցադրել, որից այն կողմ կարող էին մտնել միայն հատուկ մեքենաներ, իսկ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում բանտարկյալներին դիմավորում էր անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այստեղ էին հավաքվել նաև տասնյակ լրագրողներ և բանտարկյալների հարազատներ։

Երդմնակալության օրը Զելենսկին, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր առաջին նպատակներից է օր առաջ վերադարձնել Ուկրաինա ուկրաինացի նավաստիներին ու մյուս բանտարկյալներին և վերջ տալ արյունալի պատերազմին Ուկրաինայի արևելքում։

Առաջին անգամ բանտարկյալների փոխանակման հարցը Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր հուլիսի կեսերին։

Այսօր օդանավակայանում Զելենսկին ասել է, թե համարում է՝ առաջին փուլը ավարտվել է։

«Պետք է արձանագրեմ, որ ես և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արել ենք ամեն ինչ, ինչ խոստացել ենք, և չենք փոխել մեր պայմանավորվածությունները», - օդանավակայանում այսօր հայտարարել է Զելենսկին՝ հավելելով՝ շուտով տեղի կունենա «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպում և կողմերը կքննարկեն հրեշավոր պատերազմին վերջ տալու քայլերը։

Զելենսկու խոսքով՝ այսօր նա հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Վլադիմիր Պուտինը օդանավակայանում Ուկրաինայից վերադարձած ռուսաստանցիներին չի դիմավորել։ Ռուսական կողմն ընդհանրապես չի հրապարակում բանտարկյալների ինքնությունը, միայն խոսում է ՌԻԱ «Նովոստի» գործակալության ղեկավար Կիրիլ Վիշինսկու մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Կրեմլում ողջունում են բանտարկյալների փոխանակումը և ուրախ են, որ Ռուսաստանի քաղաքացիները վերադարձել են տուն՝ հավելելով, որ ռուսաստանցիների ցուցակը ավելի ուշ կհրապարակվի։

Փոխանակումը պետք է կայանար դեռ մեկ շաբաթ առաջ։ Այն ժամանակ, սակայն, տարբեր աղբյուրներ գրեցին, թե ռուսական կողմը պահանջել է, որ Ուկրաինան ազատ արձակի նաև մալայզիական «Բոինգ»-ի կործանման գործի հիմնական վկաներից մեկին՝ Վլադիմիր Ցեմախին, հետո այս տեղեկությունը հաստատվեց, և նա ընդգրկվեց ցուցակում, ինչի համար Զելենսկուն նաև քննադատեցին Ուկրաինայում։

Ուկրաինա են վերադարձել նաև նավաստիները, ում ռուսական կողմը ձերբակալել էր անցած տարի նոյեմբերին Կերչի մոտակայքում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ։

Դիտորդներն այսօր նկատում են՝ Զելենսկին, ով նախագահի պաշտոնը ստանձնել է ընդամենը մի քանի ամիս առաջ, իր առաջին խոստումը կատարել է։

XS
SM
MD
LG