Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Սանասարյանի և մյուս երեք մեղադրյալների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը


Դատարանն այսօր մերժեց կասեցված լիազորություններով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի և մյուս 3 մեղադրյալների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը:

Միջնորդությունը ներկայացրած Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պնդմամբ՝ այս քրեական գործի նախաքննությունն իրականացրած ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է: Հիմնավորում է, թե ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ։

«Մենք հիմնավոր ենք համարում, որ ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի, այսինքն, ոչ թե պետք է վարչապետի որոշմամբ հաստատվեր, այլ դա օրենքով պետք է նախատեսված լիներ ինչպես մյուս քննչական մարմիններն են, իսկ ԱԱԾ քննչական մարմնի դեպքում այդ խնդիրը գոյություն ունի», - ասաց Սանասարյանը:

Դատավոր Դավիթ Բալայանը հակիրճ ներկայացրեց միջնորդության մերժման հիմքում դրված հանգամանքները․ «Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են քննիչի լիազորությունները, քննչական մարմնի կարգավիճակը: Ինչ վերաբերում է քննաչական մարմնի կազմավորման կարգին, ապա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ լիազորված մարմնի համակարգում, այսինքն ազգային անվտանգության մարմնում սահմանված կարգով գործում են մի քանի, էսպես ասեմ, հետախուզական, հակահետախուզական, ռազմավարական հակահետախուզության և քննչական մարմինը, ինչը նույնպես սահմանված է օրենքով: Նույն օրենքը Հայաստանի Հանրապետության վարչապետին լիազորել է որոշելու դրա կազմվածքը: Վարչապետն, օգտվելով իր լիազորություններից, որոշում է կայացրել հաստատելու ազգային անվտանգության կազմն ու կառուցվածքը, իսկ Քրեական դատավարության օրենսգրքով նշված է, թե քննչական մարմինն ինչ լիազորություններ ունի»:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի, Պետական վերահսկողական ծառայության երկու այլ աշխատակիցների և «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահի քրեական գործի քննությունը։

Աղմկահարույց այս գործը, որով որպես մեղադրյալ անցնում է թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից մեկը, առնչվում է հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթին: Հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Գործի շրջանակում կալանավորվել էին ՊՎԾ-ի երկու աշխատակիցները՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ էին արձակվել: Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Կասեցված լիազորություններով ՊՎԾ պետը իր վերջին ասուլիսում անուններ էր հնչեցրել: Ըստ նրա՝ գործն ուղղորդված է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ շահագրգիռ կողմ է։ Սանասարյանը այսօր էլ սա պնդեց:

«Ոչ թե կարծիք եմ հայտնել հետո նոր փորձել եմ հասկանալ այդ կարծիքը ճիշտ է, թե ճիշտ չի, իսկ ես համոզմունք ունեմ, ես ինֆորմացիան ունեմ և իմ ինֆորմացիան, որը որ դառել է նաև համոզմունք ներկայացրել եմ, էլ էս կողմ, էն կողմ բան չկա: Կգա ժամանակը և ավելի պարզ կլինի ամեն ինչ», - նշեց Սանասարյանը:

Արսեն Թորոսյանը այս առնչությամբ ասել էր, որ պարզապես իրավապահներին է փոխանցել իրեն հայտնի փաստերը, իսկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մեկ անգամ չէ, որ պնդել է՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը առավել քան հիմնավոր է:

XS
SM
MD
LG