Մատչելիության հղումներ

Միլանի միջադեպը ևս մեկ փորձ էր՝ սնուցելու Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, շեշտում է ԱԺ փոխնախագահը


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Միլանում հայ համայնքի հետ վարչապետի հանդիպմանը տեղի ունեցած միջադեպը «ևս մեկ անգամ խոսում է հայկական կողմի պատրաստակամության մասին»։

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում մուտք գործեց ու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևը:

«Եվ էդ ռազմատենչ հայտարարությունները, որոնք ադրբեջանական կողմից արվում են, սա ևս մեկ փորձ էր ինչ-որ ձևով դրանք սնուցել և ներքին օգտագործողի համար, որպեսզի Ալիևը երկրում ասի, որ «իրականում մեր երկրում այլևս ոչ մի խնդիր՝ բացի հայերից, չկա», ևս մեկ անգամ արթնացնել», - լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոնյանը՝ հավելելով․ - «Դատապարտում եմ ու էժանագին հնարք եմ համարում»:

Ադրբեջանցի «բլոգերը» հայկական եկեղեցուց հեռացավ առանց խնդիրների, սակայն հարցեր ծագեցին անվտանգության մասով՝ արդյոք վարչապետի անվտանգությունը պատշաճ ապահովված էր: Ազգային ժողովի փոխխոսնակը վստահեցրեց՝ վարչապետի անվտանգության աշխատակիցները տեղում էին և իրավիճակը վերահսկում էին։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Խորվաթիայում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նոր իշխանություններն իրականում վերջին մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։ Նախկին նախագահն ասել էր. - «Երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը»։

Այս հայտարարությունը, Ազգային ժողովի փոխնախագահի գնահատմամբ, վախի ևս մեկ արտահայտում է. - «Ես դա որպես վախ եմ գնահատում և կոչ եմ անում պարոն Սարգսյանին հնարավորինս շատ խոսել և հիշեցնել այն ամենը, ինչի համար ինքը մերժվել է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «նա ասում է՝ «հնարավորություն տվեցի, որ ավելի լավ երկիր կառուցեն, բայց չեն կարողանում, արդեն տարիուկես է», Սիմոնյանն արձագանքեց․ - «Ես ներողություն եմ խնդրում, էդ ո՞ւմ է ինքը հնարավորություն տվել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի՞ն: Ինքը տաս տարուց ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է, և տարել է ամենավատ, ուրիշ բառ չեն ուզում օգտագործեմ, ձևով, որի պատճառով արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում և փորձում է իրեն, էսպես ասած, պաշտպանել, բայց ումից է պաշտպանում՝ դա էլ հասկանալի չէ, որովհետև սեփական ժողովրդից չեն պաշտպանվում»:

XS
SM
MD
LG