Անցած գիշեր Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքների ուղղությամբ, ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության՝ թիրախը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» վաշտի և սիրիական զինուժի օբյեկտներն էին:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ հարվածները պատասխան է Սիրիայից իսրայելական տարածքները գնդակոծելուն:
Սիրիայի պետական աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական հրթիռների մեծ մասը չեզոքացվել է, սակայն մյուսները վնասներ են հասցրել: Դամասկոսը հայտնում է երկու խաղաղ բնակչի մահվան մասին:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, նրանց մեծ մասը Իրանի քաղաքացիներ են:
Իսրայելը Սիրիայում տեղակայված իրանական զորախումբը սպառնալիք է համարում իր անվտանգության համար, ինչի պատճառով հաճախ հարվածներ է հասցնում, սակայն հազվադեպ է այդ մասին պաշտոնապես հաղորդում: