Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Դեր Զորում հայերի սպանության պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոգևորականների կյանքն ընդհատվել է այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը:

«Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից», - ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:

«Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին», - նշված է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG