Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հակադարձում է Թուրքիայի նախագահի հայտարարություններին


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանցում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը:

Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը, շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար», - ասված է հայտարարությունում:

«Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ», - նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահը հայտարարել էր՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

Տե'ս նաև այստեղ

XS
SM
MD
LG