Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Աշխարհը պետք է արձագանքի Էրդողանի հայտարարությանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ին արած հայտարարությանը՝ այն որակելով «ժխտողականության նոր մակարդակ» ու «ծայրահեղ ատելության խոսք»:

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայկական հրոսակախմբեր ու նրանց աջակիցներ» անվանելը, 1,5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում», - իր թվիթերյան էջում գրել է Փաշինյանը:

Թուրքիայի նախագահը նախօրեին Անկարայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել էր, թե «աքսորն ու կոտորածը տարբեր երևույթներ են, և Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ ներառյալ կանանց, երեխաներին, ծերերին սպանած հայ հրոսակների և նրանց աջակիցների աքսորը այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:

Ավելին, Էրդողանը Հայաստանին կոչ էր արել բացել արխիվները՝ պնդելով, թե Թուրքիայի արխիվները լիովին բաց են ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար, և որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն։

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ նախագահ Էրդողանի հայտարարությունը հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծայրահեղ վիրավորական է: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի ժխտողական հռետորաբանությանը:

«Ապրիլի 24-ին նման հայտարարություն անելը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է արձագանքի»,- հավելել է Փաշինյանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը, այս սուր հայտարարություններին զուգահեռ, երեկ նամակ էր հղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ իր խորին ցավակցությունը հայտնելով «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերի թոռներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG