Մատչելիության հղումներ

Էրդողանը Վաշինգտոնում «ամոթալի քայլ» որակեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 13-ը նոյեմբերի, 2019թ․

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, երեկ Վաշինգտոնում հայտարարեց Թուրքիայի նախագահը, հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը», - ընդգծեց Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը․ - «Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է որոշում կայացնեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք և հայկական կողմին առաջարկել ենք փոխադարձաբար բացել արխվներն ու պատմական հանձննաժողով ստեղծել: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չանդրադարձավ: Ժամեր անց, սակայն, պարզ դարձավ, որ նրան աջակցող սենատորներից մեկը` Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումը օրենսդիր մարմնի վերին պալատում` Սենատում:

Փաստաթուղթը շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսը` կոչ անելով անմիջապես անցնել քվեարկության` առանց հավելյալ քննարկումների: «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների փաստերը», - հայտարարել էր հայամետ սենատորը:

Հարավային Կարոլինայից ընտրված Լինդսի Գրահամը տեղում առարկել էր` պնդելով, թե սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Դրանից ժամեր առաջ Գրահամը հանրապետական մի շարք այլ սենատորների հետ մասնակցել էր նախագահներ Թրամփի և Էրդողանի միջև Սպիտակ տանը կայացած հանդիպմանը: «Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կարող են միասին հաղթահարել այս խնդիրը», - հայտարարել էր նա:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները, մինչդեռ, բոլորովին այլ կերպ են մեկնաբանում Գրահամի այդ որոշումը: «Ակնհայտ է, որ Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն ընդունված բանաձևից հետո Սենատը ևս հավանություն կտար` ձայների գերակշիռ մեծամասնությամբ», - հայտարարել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով` եթե Լինդսի Գրահամին դուր չէր գալիս այս բանաձևը, նա կարող էր դեմ քվեարկել, ոչ թե արգելափակել` զրկելով գործընկերներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Ի դեպ, Ամերիկայում բնակվող հայերը` հարյուրավոր քրդերի և հույների հետ, երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Սպիտակ տան մերձակայքում` «Էրդողանն ահաբեկիչ է, մարդասպան, ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներով:

Ի տարբերություն ցուցարարների՝ Սպիտակ տան ղեկավարը ջերմ ընդունելության էր արժանացրել Էրդողանին:

«Մենք շատ հիասքանչ ու արդյունավետ հանդիպում ունեցանք», - դռնփակ բանակցություններից հետո հայտարարել էր Թրամփը, հավելելով` ինքը նախագահ Էրդողանի մեծ երկրպագուներից է, և իրենք ընկերներ են ծանոթության առաջին օրից:

Համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահը պնդել էր, թե իրենք կարող են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնությունները, սակայն չէր մանրամասնել` երբ և ինչպես:

«Ռուսական ժամանակակից զինատեսակները, այդ թվում՝ S-400-ները ձեռք բերելու Թուրքիայի գործարքը շատ լուրջ մարտահրավերներ է ստեղծում մեզ համար, մենք շարունակաբար խոսում ենք այդ մասին: Խոսել ենք այսօր, կխոսենք նաև ապագայում: Հույս ունեմ՝ մենք կկարողանանք կարգավորել այս հարցը», - Թրամփի այս խոսքերը լուրջ քննադատության առիթ են դարձել, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմախոս դեմոկրատների, այլև՝ կուսակից որոշ հանրապետականների շրջանում:

Էրդողանին Սպիտակ տանը հյուրընկալելը բացարձակ ամոթ էր, հայտարարել են դեմոկրատ սենատորները, հանրապետական Միթ Ռոմնին հավելել է․ - «Այցի ժամանակը շատ անբարենպաստ էր, ես կցանկանայի, որ Թուրքիան մինչ այդ ընդուներ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները, հրաժարվեր ոռւսական զենքերի ձեռքբերումից ու դառնար ՆԱՏՕ-ի ավելի հուսալի գործընկեր»:

XS
SM
MD
LG