Մատչելիության հղումներ

Կրթության փորձագետի կարծիքով, նախարարությունը «սխալ խնդիր է փորձում լուծել»


Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, արխիվ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու Կրթության նախարարության առաջարկությունը մասնագետների քննադատությանն էր արժանացել։

Բուհերում այդ առարկաները դասավանդող դասախոսները երկու օր առաջ հայտարարեցին, որ ցանկանում հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մասնագետները պահանջում են հետ կանչել նախագիծը, որը, ըստ նրանց, բազմաթիվ կետերով խնդրահարույց է։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ողջունում է նախարարության պատրաստակամությունը հանդիպելու և հարցը քննարկելու մասնագետների հետ և հավելում է. - «Կարծում եմ, որ նախարարությունը չպետք է այդ հայտարարությունը անի ու սպասի, որ մյուսները գնան: Նախարարությունը ինքը պիտի գնա բուհեր և տեղում քննարկի, այս հարցը լուծի: Որովհետև արդեն մի շաբաթ է ԵՊՀ-ում դասեր չկան, բանասիրության ֆակուլտետում մի շաբաթ է դաս չկա: Արդեն նաև ինչ-որ իմաստով սա դասադուլ էլ չի, [ուսանողները] օգտվում են հանգամանքից ու դասի չեն գալիս: Դա էլ անընդունելի է»:

Կրթության փորձագետը կարծում է, որ այս պահին նախարարությունը սխալ խնդիր է փորձում լուծում։ Բուհերում կան ավելի խորքային խնդիրներ, նախ պետք է դրանք լուծել․ - «Այսօր ունենք լուրջ պրոբլեմ ուսանողների հաճախումների հետ կապված: Ուսանողները նորմալ դասի չեն գալիս, նշանակում է խնդիր կա: Հնարավոր է, որ համալսարանները չեն բավարարում իրենց պահանջները: Միգուցե ա՞յս խնդիրը փորձենք էս պահին լուծենք: Որովհետև եթե ուսանողները դասի չեն գալիս, ինչ-որ առարկաներ հանել, մյուսները դնել, դա իրենց չի բավարարի: Որ ասում են՝ մենք առաջիկայում դպրոցներում ուժեղացնելու ենք հայերենի վիճակը, համոզիչ չէ, որովհետև մենք դեռ այդ խնդրի արմատները չենք հասկացել: Օրինակ, ի՞նչ պետք է անի նախարարությունը, որ երեխաները սկսեն գիրք կարդալ, ունի՞ կոնկրետ առաջարկներ, քաղաքականություն: Եթե մտածում են քննությունով դա պիտի անեն, չէ, քննությունով հայոց լեզվի վիճակը չի լավանում: Քննությունով ընդամենը մասնավոր պարապմունքներն են շատանում, որ այդ քննությունը տան: Դրա համար ես կարծում եմ, որ այս հարցը չպետք է էս փուլում դրվեր: Ավելի կարևոր հարցեր կային: Իզուր տեղը մենք լարվածություն առաջացրեցինք: Հայաստանի նման երկրի համար չեմ կարծում, որ դա այսօր թիվ խնդիրն էր: Որ բոլոր հարցերը լուծել էինք, Հայաստանի բուհական համակարգը արդեն ուր էր հասել, հիմա մնում է այս երկու առարկայի հարցը: Կարելի էր սպասել: Այնպես չէ, որ եթե այս առարկաները հանենք ու փոխարենը դնենք մասնագիտական առարկաներ, իրավիճակը բարելավվելու է: Որովհետև բոլորս էլ գիտենք, որ մասնագիտական առարկաների վիճակն էլ լավ չէ»:
Մասնագետները առաջարկում են այդ առարկաները բուհերում պարտադիր պահել, քանի դեռ ավագ դպրոցներում իրավիճակ չի փոխվել:

«Լեզվի մասին» օրենքով Հայաստանի բուհերում հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է: Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը «Ազատության» տաղավարում համոզմունք էր հայտնել, որ այս առաջարկը օրենքին չի հակասում, քանի որ, ըստ նրա, հայոց լեզվի ուսուցում չի նշանակում «հայոց լեզու» առարկայի ուսուցում:

«Դա կարող է լինել բանավոր և գրավոր հաղորդակցության հիմունքներ, կարող է լինել խոսքի մշակույթ», - ասել էր Կարաբեկյանը:

Օրենսդրական առաջարկը մտահոգել է նաև մի խումբ ուսանողների։ Անցած շաբաթվանից Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչները որոնց, միացել են նաև Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները։

Բուհերի և ԿԳՄԹ նախարարության շենքի մոտ ակցիաներ անող երիտասարդներն ասում են, որ չեն հրաժարվում իրենց պահանջից: Ավելին՝ դիմել են խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններին, ակնկալելով, որ կնախաձեռնեն Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանից Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանն այսօր երեկոյան հանդիպեցին Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչների հետ, որոնք պատգամավորներին հանձնեցին իրենց դիմումը։ Խմբակցությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի։

Իսկ «Լուսավոր Հայաստանից» «Ազատությանը» փոխանցեցին, որ դիմումը դեռևս չեն ստացել:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ նախարարի հրաժարականի հիմք չի տեսնում. - «Հրաժարականի պահանջով հանդես եկող էդ մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր խիստ ընդգծված և շատ հեշտ ապացուցելի կուսակցական կամ շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահերը ներկայացնելու անցած ճանապարհ, վկայություն: Եվ էս հրաժարականը պայմանավորված է մեծամասամբ և հիմնականում այդ կապերով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG