Մատչելիության հղումներ

Պայքարը շարունակվելու է, ավելի լայն թափ է ստանալու, վստահեցնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, արխիվ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, արխիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հրաժարականի պահանջով դաշնակցականների պայքարը շարունակվելու է, ավելի լայն թափ է ստանալու: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը սկսեցին պահանջել, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցության երիտասարդական թևը, երբ նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր:

Հարցը սրվեց Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացումից հետո, երբ պարզվեց, որ ներկայացման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 2 միլիոն 700 հազար դրամ:

Եվս մեկ քննադատություն վերաբերում է Կառավարության կողմից մասնակի ֆինանսավորված վավերագրական ֆիլմին, որը պատմում է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե Դալուզյանի մասին, ով Նիդերլանդներ արտագաղթելուց հետո փոխել է սեռը՝ դառնալով Մել Դալուզյան: Չորեքշաբթի օրը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դալուզյանը նույնիսկ ինքնասպանության եզրին է հայտնվել՝ պատճառը հանրության վերաբերմունքն է: «Նա իմ անձնական պաշտպանության ներքո է», - ասաց երկրի ղեկավարը:

Այս առնչությամբ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանը» ասաց․ - «Նախ վարչապետը հարցի էությունը ձևախեղեց, ինչու՝ որովհետև իր խոսքի մեջ օգտագործեց, որ քացու տակ են գցում տվյալ անձնավորությանը, պայքար են մղում տվյալ անձի դեմ: Նախ, մեկ անգամ ևս ուզում եմ հստակեցնեմ, չնայած մինչև հիմա էլ շատ հստակ է եղել, որ մեր երիտասարդների պահանջը տվյալ անձի դեմ չի, տվյալ անձի անձնական կյանքի, վարքի և իր կյանքի վերաբերյալ մեր երիտասարդները հարց չունեն և ընդհանրապես էդ մասին չեն խոսել: Խնդիրը Կառավարությունն է և մասնավորապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որ ֆինանսավորել է, հարցը այդտեղ է՝ ինչո՞ւ մեր պետության բյուջեի սեղմ միջոցներից ֆինանսավորում եք սեռափոխված մարդու մասին ֆիլմը: Իսկ դա ի՞նչ կապ ունի՝ «լափաման, թալան, փռեմ ասֆալտին, ծեփեմ գետնին», էդ հոգնեցնում էլ է արդեն, էլի»:

«Այսինքն՝ մենք խոսում ենք բովանդակությունից, մենք խոսում ենք նյութից, դրա փոխարեն ստանում ենք անհասցե մեղադրանքներ, որի հասցեատերը մենք չենք», - պնդեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Եթե վարչապետը մտածում է, որ այս լուսավոր, առաջադեմ երիտասարդները թալանի, լափամանի, մնացածի հետ կապ ունեն, ու նման որակումներ է տալիս, ես այլևս ասելու բան չունեմ, ընդամենը ասում եմ, որ ամոթ է էս ընթացքով շարունակելը: Դուք էսօր տեսա՞ք՝ երիտասարդները որքան զուսպ, որքան հավասարակշռված անդրադարձան վարչապետի ելույթին, որովհետև իրենց խնդիրը դա չի և հարցը դեպի պլենդուզի մակարդակ տանել չի»:

«Դեռ հստակեցումներ ունենք անելու, ամբողջապես հասկանալու, բայց եթե հասկանանք, որ սա իրոք ամբողջ կառավարության տեսակետը, Ազգային ժողովի 88 պատգամավորի տեսակետն է, սա մեզ բավականին մտածելու տեղիք է տալու», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG