Մատչելիության հղումներ

Դասախոսները Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին կոչ արեցին դադարեցնել դասադուլը, իսկ նախարարին՝ հանդիպել


Ուսանողները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, 13-ը նոյեմբերի, 2019թ., Երևան

Բուհերում «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» ու «Հայ գրականություն» դասավանդող դասախոսներն այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին կոչ արեցին դադարեցնել դասադուլը, իսկ Արայիկ Հարությունյանին՝ հանդիպել իրենց հետ:

Հանդիպմանը ծրագրում են քննարկել վերջին օրենսդրական առաջարկը, որով բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնալու են կամընտրական, ոչ թե պարտադիր: ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն ասաց, որ նախագծի մասին եղել են գիտխորհուրդների պաշտոնական դիրքորոշումները, ֆայուլտետներով ներկայացրել են իրենց բացասական կարծիքը, ռեկտորի պաշտոնակատարն էլ հայտնել է, որ դա ներկայացրել է նախարարությանը։ Ըստ նրա, նախագիծը ստանալուց, ապա և նախագծի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո նախարարության հաջորդ քայլը քննարկում կազմակերպելը պիտի լիներ։

«Ստանալով ակադեմիայից և բուհական համակարգից բացասական կարծիքներ՝ շատ անհասկանալիորեն մեր նախարարը հայտարարեց, որ միևնույնն է, ոչ մի սկզբունքային հարցում զիջման չենք գնալու, և շարունակում էին քննարկումները», - ասաց նա։

Արտակ Մովսիսյանը հիշեցրեց, որ պահանջը մեկն է՝ ետ կանչել նախագիծը, որը վտանգավոր է բազմաթիվ կետերով։

Գիտության ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը զարմացած է. գիտության և կրթության ոլորտում շատ խնդիրներ կան, բայց առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա։ «Այլ հարց է, որ մարդիկ կարող են տաղտկալի, հին տեքստերը, դպրոցական նյութը բերում, նորից մատուցում են լսարանում, սա անընդունելի է, սա բերեք, փոխեք, այլ ոչ թե ծառի չորացրած ճյուղը կտրելու փոխարեն՝ արմատից կտրենք», - նկատեց նա։

Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այն շրջանակները, որոնք հիմնավորում են հատկապես այդ դրույթների՝ հայագիտական առարկները հանելու կարևորությունը, նշում են, որ դրանք խանգարում են, որովհետև մեր նոր կրթական համակարգը միտված է տեխնոլոգիականին, արդի տնտեսությանն ու շուկայի պահանջմունքներին համապատասխան մասնագետների պատրաստելուն։

«Հիմա ես հարց եմ տալիս, եթե վերջին տարիներին մեզ չի հաջողվել թռիչքաձև տնտեսական զարգացում ունենալ, Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա հայոց պատմությունն ու հայոց լեզուն ե՞ն խանգարում», - ասաց նա։

Հարությունյանի հրաժարականը, արդեն մի քանի օր է, պահանջում է ՀՅԴ երիտթևը, նրանց միացել են նաև բանասիրականի ուսանողները: Բուհերի և Կրթության նախարարության շենքի մոտ ակցիաներ անող երիտասարդները ասում են՝ չեն հրաժարվում իրենց պահանջից:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք դասախոսները ևս պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը պատասխանեց՝ իրենք հակված չեն որևէ մեկի հրաժարականին։ «Ցավոք սրտի, ինչ-որ ուղղորդումներ եղան, և մեր ուսանողների ազնիվ մղումն ինչ-որ չափով այլ ուղղություն ստացավ, մենք անձամբ հակված չենք պահանջելու այս կամ այն նախարարի հրաժարականը», - նշեց նա՝ հավելելով, որ նման կերպ խնդիրը չի լուծվում, սա ընդհանուր կառավարության կրթական քաղաքականության արգասիքն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նախկինում մոտեցումը եղել է ուսանողին պարտադրելը, ինքը չի ձևավորի կամք՝ ընտրել իր առարկաները և ստանձնել պատասխանատվություն իր կրթության համար, իսկ գործող իշխանության մոտեցումը հետևյալն է. «Նախարարությունն այլևս չի պարտադրելու, այլ վերապարտվիրակելու է այդ պատասխանատվությունը բուհերին՝ նրանց տալով ավելի մեծ ակադեմիական ազատություն, հետևաբար բուհերն էլ դա պետք է պատվիրակեն ուսանողին»,- նկատեց նա։

Ի դեպ, դասախոսներն այսօր մեկօրյա գործադուլ էին հայտարարել, որ իրենց ձայնն ավելի լսելի լինի։

XS
SM
MD
LG