Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է ֆինանսավորել «Մել» ֆիլմը, որը պատմում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի, նրա անցած ուղու մասին։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Մելինե Դալուզյանը, ով բնակություն է հաստատել Ամստերդամում, ինքնասպանության եզրին է նույնիսկ հայտնվել, պատճառը հանրության վերաբերմունքն է։

Նշենք, որ այս ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14 տոկոսն է: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, ծագումով Գյումրիից Մելը Հայաստանի դրոշի ներքո աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցել է Մելինե Դալուզյան անվամբ, նա Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։ Հայաստանում ավելի վաղ նկարահանված ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում Դալուզյանը պատմել է, որ Հայաստանում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել իր սեռական կողմնորոշման պատճառով։

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էտպիսին է ստեղծել... կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էտպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր են ծնվում, եկեք թողնենք՝ ոնց կան, նենց էլ մնա՞ն», - հարցրեց վարչապետը։

Ըստ նրա, եթե նախարարությունը չֆինանսավորեր այդ ֆիլմի նկարահանումը, ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ.

«Այսինքն՝ մենք տենց ենք հա՞, եթե այդ մարդը լրիվ իր վաստակով համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար էն ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իրա հետ պրոբլեմ չունենք, բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի, և իր միջավայրում այդ տառապանքն անընդհատ կտրում են, այդ բաց վերքի մեջ աղ են լցնում և ստիպում են, որ թողնի, գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա, երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ գործ չունե՞նք», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իր պատկերացումը Հայաստանի Հանրապետության մասին այդպիսին չէ։ Նա հավելեց, որ տեղյակ չի եղել ֆինանսավորման մասին որոշումից, բայց գոհ է, որովհետև այդ ֆիլմի չֆինանսավորելը, բարոյահոգեբանական առումով չմասնակցելն այդ ֆիլմի ստեղծմանը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և նրա կառավարության ճակատին։

Իսկ այս որոշման քննադատողներին դիմելով՝ նա ասաց, որ սա էժանագին պրոպագանդա է համարում, այն որակեց «լափամաններից զրկվածների պրոպագանդա»։

«Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG