Մատչելիության հղումներ

Հոնկոնգում կաթվածահար է հանրային տրանսպորտը, չեն աշխատում շատ կրթօջախներ


Հոնկոնգ - Ցուցարարները Հոնկոնգի Չինական համալսարանի մոտ, 13-ը նոյեմբերի, 2019թ․
Հոնկոնգ - Ցուցարարները Հոնկոնգի Չինական համալսարանի մոտ, 13-ը նոյեմբերի, 2019թ․

Հոնկոնգում չորրորդ օրն է կաթվածահար է հանրային տրանսպորտի աշխատանքը, հազարավոր ակտիվիստներ հերթական անգամ արգելափակել են ճանապարհներն ու մետրոպոլիտենի կայարանները: Ֆինանսական մեգապոլիսի հազարավոր բնակիչներ հերթական անգամ չեն կարողանում ժամանակին հասնել աշխատավայր:

Այսօր առավոտյան Հոնկոնգում կրկին տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև:

Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող նախկին բրիտանական գաղութում կատաղի բախումներով ուղեկցվող ցույցերը այս շաբաթ նոր թափով են վերսկսվել: Թեժ կետերի են վերածվել հոնկոնգյան համալսարանները, որոնցից շատերը դադարեցրել են իրենց աշխատանքը ուսանողների կողմից կազմակերպվող զանգվածային բողոքի գործողությունների պատճառով: Որոշ շրջաններում փակ են նաև դպրոցները:

Ակտիվիստները համացանցում կոչ են անում ամբողջությամբ կաթվածահար անել Հոնկոնգում հանրային կյանքը նաև աշխատանքային օրերին, այդ կերպ փորձելով ուժեղացնել ճնշումը քաղաքային իշխանության վրա:

Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ, անհայտ է։ Հենց այդ անորոշության ֆոնին Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ:

XS
SM
MD
LG