Մատչելիության հղումներ

Մի քանի ժամից Վաշինգտոնում կմեկնարկեն Թրամփ-Էրդողան բանակցությունները


Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների բանակցությունները Սպիտակ տանը կմեկնարկեն, երբ Երևանում ուշ երեկո կլինի: Նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեպ Էրդողանի համատեղ ասուլիսը նշանակված է կեսգիշերն անց:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, նրանց բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագած տարաձայնությունները:

Ռեջեպ Թայիփ Էրդողանի պնդմամբ, այսօրվա բանակցությունների ընթացքում թուրքական կողմը կենտրոնանալու է 90-ականների վերջից Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման խնդրի վրա: Պաշտոնական Անկարան պնդում է, որ հենց Գյուլենի ստեղծած ընդհատակյա ցանցն էր պատասխանատու 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար:

Արդեն իսկ հստակ է, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների բանակցություններն ուղեկցվելու են բողոքի գործողություններով: Թրամփի և Էրդողանի հանդիպմանը զուգահեռ Սպիտակ տան մերձակայքում հարյուրավոր մարդիկ կհավաքվեն` բողոքելով Թուրքիայի ղեկավարի վաշինգտոնյան այցի դեմ: Ակցիայի հիմնական կազմակերպիչներից մեկն է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը:

«Այսօրվա բողոքի ակցիան միասնական ջանքերի արդյունք է: Դրան մասնակցելու են բազմաթիվ քրդեր, հայեր, հույներ, մարդիկ, որոնք մտահոգված են մարդու իրավունքների պաշտպանության խնդրով», - Twitter-ում տեղադրված ուղերձում այսօր նշում էր Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Նախագահների բանակցությունների մեկնարկից առաջ թուրք-ամերիկյան հարաբերությունների թեման քննարկում էին նաև Սենատում: Նախօրեին կայացած լիագումար նիստի ընթացքում մի շարք ամերիկացի օրենսդիրներ կասկածի տակ էին առնում Թրամփի և Էրդողանի հանդիպման նպատակահարմարությունը:

«Այս հանդիպման անցկացումը սխալ է. դա միանգամայն պարզ է և հստակ: Նախագահ Թրամփը պետք է այս այցն օգտագործի Ամերիկայի դավանած սկզբունքները, երկրի պետական շահերն ու մեր դաշնակիցներին պաշտպանելու համար: Նա կարող է դա անել` բանակցությունների ընթացքում անդրադառնալով այնպիսի լուրջ հարցերի, որոնց պատասխանները Թուրքիան դեռ չի հնչեցրել», - հայտարարում էր Նյու-Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսը` ընդհանուր առմամբ մեկ տասնյակ խնդրահարույց թեմաներ մատնանշելով` Թուրքիայի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումից մինչև 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին:

Մերիլենդից ընտրված դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը երեկ համոզմունք էր հայտնում, որ Էրդողանին Վաշինգտոն հրավիրելով՝ Թրամփի վարչակազմը խրախուսում է այն բոլոր հակաժողովրդավարական մեթոդները, որոնց կիրառումը, ըստ օրենսդիրի, պաշտոնական Անկարայի քաղաքականության հիմքն է հանդիսանում:

«Նախագահ Թրամփի ամոթալի որոշումը` Սպիտակ տուն հրավիրել Թուրքիայի նախագահ Էրդողանին, մտահոգում է մեր դաշնակիցներին և հրապուրիչ է թվում մեր հակառակորդների համար: Այս որոշումը ոտնահարում է մեր արժեքները և վտանգում է մեր ազգային անվտանգությունը: Այս որոշումը սարսափելի մի ուղերձ է աշխարհին, թե ինչ պահվածք է հարկավոր ցուցաբերել նախագահ Թրամփի Սպիտակ տուն հրավեր ստանալու համար», - հայտարարում էր Քրիս Վան Հոլենը:

Սենատորի համոզմամբ, Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումները դուրս բերելու որոշումը քուրդ դաշնակիցների իսկական դավաճանություն էր, որի հետևանքով «Իսլամական պետություն» խմբավորումը կրկին ակտիվորեն գործելու հնարավորություն ստացավ: Որպես իսլամիստների ակտիվացման ամենավառ օրինակ Քրիս Վան Հոլենը մատնանշում էր Սիրիայի հյուսիսում հայ կաթոլիկ հոգևորականի սպանությունը, որի պատասխանատվությունը, ըստ ամերիկացի օրենսդիրի, ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

XS
SM
MD
LG