Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլի գլխավոր թեման Թրամփ-Էրդողան առաջիկա բանակցություններն են


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Այսօր Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ թուրքական մամուլի գլխավոր թեման բանակցությունների օրակարգը, քննարկվելիք հարցերն ու սպասելիքներն են:

Թուրքական պարբերականները գրում են, թե Թուրքիայի նախագահը իր հետ ԱՄՆ երկու կարևոր ծրար է տանում: Դրանցից մեկում Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից առաջ Դոնալդ Թրամփի՝ Էրդողանին ուղղված սկանդալային նամակն է: Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է այն վերադարձնել ամերիկացի պաշտոնակցին: Թրամփին հասցեագրված երկրորդ ծրարը լուրջ փաստաթղթեր է պարունակում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի առաջնորդ «Մազլում Քոբանի» ծածկանունով հայտնի Ֆերհադ Աբդի Շահինի ահաբեկչական գործունեության մասին:

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից են Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Պաշտոնական Անկարան Գյուլենին համարում է 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը և բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել նրան:

Թրամփն ու Էրդողանը քննարկելու են նաև ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը, ռազմաարդյունաբերական և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, շոշափվելու է նաև С-400 (S-400) և Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների թեման:

Ակնկալվում է, որ Ռեջեփ Էրդողանը Դոնալդ Թրափի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է նաև վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների հարցը:

Նախատեսվում է, որ Թրամփն ու Էրդողանը առանձնազրույց կունենան, ապա բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով, որոնց կհետևի նախագահների մամլո ասուլիսը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը այս կարևոր հանդիպման նախօրեին Թվիթերում գրել է. - «Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, այնուհանդերձ, նախագահ Էրդողանի հայտարարությունները հուշում են, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել»: Թուրք պաշտոնյայի խոսքերով,երկու առաջնորդները գիտակցում են ամուր համագործակցության կարևորությունը: «Թուրքիան պատրաստ է նոր էջ բացել թուրք-ամերիկյան հարաբերություններում և ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը», - գրել է Ալթունը:

XS
SM
MD
LG