Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս տարվա առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ:
Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, իսկ 5 անձ գտնվում է հետախուզման մեջ, և վերջիններիս վերաբերյալ կալանավորումը ընտրելու մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել ընդհանուր առմամբ 8 անձի նկատմամբ։
Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումների հատկանիշներով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ընդհանուր առմամբ 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23 մլրդ 671 մլն դրամ, իսկ համայնքներին՝ 18 մլն դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227 մլն դրամը, իսկ շուրջ 2 մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով: