Կատալոնիայի անկախության կողմնակիցներն այսօր արգելափակել են Իսպանիան և Ֆրանսիան միմյանց կապող հիմնական մայրուղիներից մեկը:
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 500 ցուցարար արգելապատնեշներ է կառուցել «Լա Ժոնգուերա» սահմանային անցակետի հարևանությամբ` մեքենաների բազմակիլոմետրանոց կուտակում առաջացնելով:
Գործողության պատասխանատվությունը ստանձնել է կիսագաղտնի պայմաններում գործող «Ժողովրդավարական ցունամի» կազմակերպությունը, որն իր աջակիցներին կարողացել է մոբիլիզացնել սոցիալական ցանցերի միջոցով։ «Այս գործողությամբ մենք ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայում ստեղծված կացության վրա, ինչպես նաև հասկացնել Իսպանիայի կառավարությանը, որ ճգնաժամի հաղթահարման միակ ուղին բանակցություններն են», - հայտարարել է կազմակերպությունը: