Մատչելիության հղումներ

Բադալյան. ԱՄՆ-ն ցույց տվեց, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին որպես ներքաղաքական գործոն


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ իր նախաձեռնությամբ հանդիպել է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար ՍերԺ Սարգսյանին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԱՄՆ դեսպանատնից, 2018 -ի հեղափոխությունից հետո սա դեսպանի առաջին հանդիպումն է Սերժ Սարգսյանի հետ։

Ի դեպ, հանդիպման մանրամասների մասին տեղեկություն է տարածել Հանրապետականի գրասենյակը՝ փոխանցելով Լին Թրեյսիի խոսքերը. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ», - ասել է Լին Թրեյսին:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն: Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ Հանրապետականի դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Ըստ Հանրապետական գրասենյակի, Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատաման անհրաժեշտության մասին. «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ Հանրապետականի ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդտեղ որևէ մեսիջ չի տեսնում՝ ընդգծելով, որ այդօրինակ հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի հետ դեսպաններն ունենում են: «Ես բազմիցս տեսել եմ, որ դեսպանները, ոչ միայն ԱՄՆ-ի, տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ են ունենում, և չեմ կարծում, որ այստեղ հատուկ որևէ նշանակալի բան կա, այսինքն՝ ի՞նչ մեսիջ պետք է տեսնեմ», - նշեց նա։

Արձագանքելով Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Հակոբ Սիմիդյանն այն ցինիզմ որակեց, շեշտեց՝ պոպուլիզիմից խոսում է ռեպրեսիաներով իշխանությունը պահած անձը։

«Այսօր իրական ժողովրդավարություն է, պոպուլիզմ էր նախկինում, չեմ ուզում՝ կոպիտ լինի, բայց այսօրվա ժողովրդավարության մասին պոպուլիզմի որևէ գնահատական մի քիչ ցինիզմի է նմանվում, մանավանդ երբ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ղեկավար կարգավիճակ են ունեցել, և Հայաստանում չենք ունեցել ժողովրդավարության այն աստիճանը, որն ունենք այսօր, և անգամ մոտիկ աստիճան չենք ունեցել, հակառակը՝ ունեցել ենք ռեպրեսիաներով իշխանությունը պահած քաղաքական միավոր, ուղղակի մի քիչ ցինիզմի է նմանվում այս ամենը», - հայտարարեց պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի, հեգնեց՝ լավ է ուշ, քան երբեք. «Այո, ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և նաև հենց այդ պատճառով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Հետևաբար, եթե ավելի վաղ գային այդ մտքին, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի, միգուցե երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանը չառաջադրվեր, միգուցե ընտրությունները չկեղծվեին, և միգուցե այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, չլիներ», - ասաց Մարուքյանը։

Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Մինչդեռ վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Լին Թրեյսի-Սերժ Սարգսյան երեկ կայացած հանդիպմանը, շեշտեց՝ այդ հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է Սերժ Սարգսյանին որպես ներքաղաքական գործոն. «Սա ինչ-որ իմաստով Սերժ Սարգսյան ներքաղաքական գործոնի ճանաչում կարող ենք համարել Միացյալ Նահանգների մոտ։ Հանդիպման փաստն ինքնին նշանակում է, որ որոշակի վերաբերմունք է ձևավորվում այդ գործոնի նկատմամբ, և շատ հետաքրքիր էր պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած այն հատվածը, որ դեսպանը հավաստիացրել էր, որ այսպիսի նախաձեռնությունը պարբերական կլինի, և այն, որ Հանրապետականի հաղորդագրության մեջ է սա նշվում, նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ ընդունել է պարբերաբար հանդիպումների որոշակի պայմանական առաջարկը», - ավելացրեց Բադալյանը։

Վերլուծաբանի համար հետաքրքիր էր, որ դեսպանի հանդիպումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից հետո, որտեղ նա ասել էր, որ վախենում է անպատասխանատու պոպուլիստների՝ հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից, շեշտել, որ մոտենում է քաղաքացիների հետ պարզ ու անկեղծ զրույց ունենալու ժամկետը։

Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն այդպիսի մեսիջ տալիս, Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ներքաղաքական վերախմբավորման մի գործընթաց է մեկնարկել, որտեղ առանձին խնդիրներ կան իշխանության՝ որպես քաղաքական մարմին ձևավորվելու և նաև ընդդիմադիր դաշտում որոշակի ստատուս քվո ձևավորելու առումով։

«Մենք տեսնում ենք, որ կենսունակ օջախներ, խմբեր առավելապես առկա են նախկին իշխող համակարգի շրջանակում, և այս տեսանկյունից կարծում եմ՝ այս իրավիճակում Միացյալ Նահանգներն ընդգծում է Սերժ Սարգսյանի դերը։ Այդ դերի ընդգծումը արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը կարող է այդուհանդերձ շատ մեծ և էական դերակատարում ունենալ նախկին իշխող համակարգի վարքագծի կառավարելի և կանխատեսելի լինելու հարցում», - ասաց նա։

XS
SM
MD
LG