Մատչելիության հղումներ

Հակոբ Բադալյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերության բնույթը փոխելու առաջին քայլն արել է


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարությունը որևէ նորություն չի պարունակում, այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Վաղուց որևէ գաղտնիք կամ որևէ նորություն չկա, ռուսական կողմի դիրքորոշումը, պատասխանների բնույթը, էս ամեն ինչը վաղուց շատ հասկանալի է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բադալյանը:

Զատուլինը երեկ Երևանում մասնավորապես ասել էր․ - «Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և շարունակում է սպառազինություն մատակարարել Հայաստանին՝ ընդ որում տարբեր պայմաններով: Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, օգտվում է զեղչերից ու արտոնություններից՝ սպառազինության շատ տեսակներ, փաստորեն, ստանալով անվճար կամ վարկային գծի օգնությամբ, որը բավականին արտոնյալ պայմաններով է և ընթացիկ որևէ ծախսեր չի պահանջում»։ Պաշտոնյան հավելել էր՝ ՀԱՊԿ շրջանակում երրորդ երկրներին սպառազինություն վաճառելու կամ չվաճառելու մասին որևէ որոշում չկա։

Տարիների ընթացքում այս թեմայով Հայաստանում առկա մտահոգություններին և Ադրբեջանին զենք վաճառելու պատճառների մասին մի շարք ռուսաստանցի պաշտոնյաներ են խոսել, 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից ընդամենը օրեր անց Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել էր՝ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական ու վճարունակ գործընկերն է, Ռուսաստանը նրանց զենք է վաճառում, եթե չվաճառի, կվաճառեն ուրիշները։ Ռոգոզինը զենքի վաճառքի հետ կապված ղարաբաղյան հակամարտության երկու կողմերում առկա դժգոհությունները «դեմագոգիա» ու «լալկան նվնվոց» էր որակել։

Նույն շրջանում տվյալ թեմայով կարծիք էր հայտնել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա էլ ընդգծել էր՝ եթե իրենք հրաժարվեն Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության իրենց ստանձնած դերից, ապա այն դատարկ չի մնա: Մեդվեդևն ասել էր․ - «Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի, սակայն այդ պարագայում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են, թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը:

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ ռուսական կողմի տարբեր ժամանակներում արված մեկնաբանությունների բովանդակությունը պայմանավորված է հայ- ռուսական հարաբերությունների բնույթով: Քաղաքական մեկնաբանը մանրամասնում է՝ այդ հարաբերություններն էլ, իրենց հերթին, պայմանավորվել են Հայաստանի իշխանությունների լեգիտիմության ու ներքին հարաբերություններում եղած խնդիրներով:

«Եվ սա բերել է նաև հայ-ռուսական հարաբերության աղճատման, ինչն էլ Ռուսաստանի քաղաքականության դրսևորման պատճառ է դարձել: Եվ ամբողջ խնդիրը հիմա էստեղ այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը ստացել է էս հարաբերության բնույթը փոխելու և իրապես միջպետական և գործընկերային բնույթի բերելու հնարավորություն, երբ էսպիսի պատասխաններով արդեն որևէ հարց չի լուծվի, և ռուսական կողմն էլ կհասկանա, որ էս պատասխանները արդեն ոչինչ չասող են», - ընդգծեց Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Հայաստանն այս փոփոխության առաջին քայլն արդեն արել է: «Հայաստանում փոխվել է համակարգը, մենք փորձում ենք ներքին այլ հարաբերություններ կառուցել, որը թույլ կտա Ռուսաստանի հետ խոսել արդեն այլ հարթության այլ կարգավիճակից բխելով», - նշեց նա:

Հակոբ Բադալյանն ասում է` Ռուսաստանում որոշ քաղաքական և տնտեսական շրջանակներ շփոթված են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և դրանց աշխարհաքաղաքական նշանակության առումով, «և սա, անշուշտ, բերելու է հետագայում նաև վարքագծի փոփոխության, և էս պատասխանները դառնալու են անցյալ»:

Վերջերս հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը: Բադալյանի գնահատմամբ՝ այս նորությունը հարաբերություններում ընթացող փոփոխությունների վկայությունն է:

«Եվ սա ոչ միայն երկու երկրների խնդիր է, երկու երկրների միջակայքում տեղի ունեցող, այլ ընդհանրապես աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության շրջանակում տեղի ունեցող պրոցես է: Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի աննախադեպ քվեարկությունը, մենք տեսնում ենք Սիրիայի հարցում ռուս-թուրքական բանակցությանը հայկական խնդրի առկայությունը, որ վարչապետի նախաձեռնությամբ դրվում է օրակարգում, և, կարծում եմ, հենց էնպես չի, որ Ռուսաստանը ընդունում է էդ հանգամանքը և լուծում է տալիս էդ խնդրին: Այսինքն, սա լայն պրոցեսների մի մաս է, և էդ մասը չի կարող պրոցեսի ընդհանուր տենդենցներից դուրս լինել», - ասաց Հակոբ Բադալյանը:

Ըստ քաղաքական մեկնաբանի, Երևանից երկու կոշտ ուղերձ է գնացել Բաքու և Անկարա՝ մեկը ռուսական ռազմաբազայի ներուժի կրկնապատկումն է, մյուսը՝ Զատուլինի երեկ արած այն հայտարարությունը, թե Հայաստանի վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ մեխանիզմը։


XS
SM
MD
LG