Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) աշխատանքներին մասնակցող ռուսաստանցի պատգամավորները հայտարարում են, որ նիստերի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը չի քննարկվել:
Երևանյան նիստերին մասնակցում են Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու նույն կոմիտեում նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Կալաշնիկովն ընդգծեց, որ հարցը վեհաժողովի իրավասության ոլորտում չէ․ - «Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին, նրանց թվում՝ Հայաստանին: Հայաստանին ավելի շատ է վաճառում, և այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք այլ երկրներ չի վաճառում: Հիմա ի՞նչ քննարկենք: Կան երկրների ղեկավարներ, որոնք բոլոր այդ հարցերը հաշվի են առնում՝ և՛ դաշնակցությունը, և՛ գործընկերությունը»:
Պատգամավորի խոսքով, ոչ միայն Հայաստանին է ռուսական զենքի վաճառքը անհանգստացնում, այլև Ադրբեջանին․ - «Եվ Ադրբեջանին է անհանգստացնում, որ մենք Հայաստանին նորագույն զենք ենք վաճառում: Դրա համար էլ երկրի ղեկավարներ կան, թող նրանց գլուխը շարունակի ցավել այդ հարցով»:
Կոնստանտին Զատուլինը հարկ համարեց շեշտել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, օգտվում է զեղչերից ու արտոնություններից՝ սպառազինության շատ տեսակներ ստանալով անվճար կամ վարկային գծի օգնությամբ, որը բավականին արտոնյալ պայմաններով է:
Ռուս պատգամավորը ճիշտ չի համարում, որ Ադրբեջանը ռուսական սպառազինությունը կիրառել է 2016-ի ապրիլյան պատերազմում՝ զանգվածաբար խախտելով զինադադարը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա դաշինքի շրջանակում որևէ ընդհանուր որոշում չի կայացվել, թե արդյոք պետք է սպառազինություն մատակարարել երրորդ երկրներին:
«Խորհրդարանական վեհաժողովում այդ հարցը չենք քննարկել, բայց կարծում եմ, ոչ միայն Ռուսաստանը, այլև ուրիշ երկրներ դեմ կլինեն արգելքներին: Այնպես որ, սա պետք է հաշվի առնել», - ասաց Զատուլինը։
Նրա խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում չի բարձրացրել սահմանային վերջին լարվածության հարցը: Անցած շաբաթ Ադրբեջանը, Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Տավուշի հատվածում կրակոցներ էր արձակել մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ:
«Հայաստանը պաշտոնապես այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել։ Գուցե կարծում են, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ շրջանում, բավարար հիմք չէ այդքան լրջորեն արձագանքելու համար։ Ինչ վերաբերում է պարտավորություններին, միմյանց նկատմամբ մենք դրանք ունենք Հավաքական անվտանգության պայմանագրով։ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես դաշնակից, և Հայաստանի վրա հարձակման դեպքում կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: Հայաստանի տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը այստեղ է ոչ միայն գեղեցկության համար»:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում ՀԱՊԿ-ի լռությունը, երբ կրակում են Հայաստանի սահմանի ուղղությամբ․ - «Մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է այդ մասին անընդհատ ասենք և անընդհատ նշենք, որ ինչ-որ կողմից ինչ-որ ձևով արձագանք լինի այս կառույցում»:
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Հայաստանը սահմանային լարվածության հարցը ՀԱՊԿ շրջանակներում բարձրացնելու կարիքն այս պահին չունի, պետք եղավ՝ կբարձրացնի էլ, հարցերի լուծմանն էլ կհասնի։ Լարվածությունն այս տարի, կարծում է, այնուամենայնիվ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է։
Հարցը չբարձրացնելու պատճառը արդյո՞ք դաշնակիցներին չվստահելն է: Այս հարցին Քոչարյանն արձագանքեց․ - «Հայաստանը պետք է վստահ լինի առաջին հերթին իր վրա: Եվ կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ ինքը կարող է առաջնահերթ հենվի իր Զինված ուժերի կարողությունների վրա»:
Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, թե ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված է:
Նրա խոսքով՝ պարզապես Ադրբեջանը ավելի շատ զինատեսակներ է գնում․ - «Մի մոռացեք, որ նմանատիպ զենքով, սպառազինությամբ նաև մեր Զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է, ոչ թե զենքի մեջ է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային խնդիր է, և հակառակորդը պետք է չունենա որոշակի առավելություններ զինատեսակի առումով»:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց զենքի վաճառքի հարցով իշխանությունների քայլերից․ - «Հարցը նախկինում իշխանությունը չի բարձրացրել, ընդդիմությունն է բարձրացրել: Իսկ հիմա, ես կարծում եմ, որ եթե նոր պայմանագրի խնդիր առաջանա, կամ ռազմատեխնիկական համագործակցության նոր նախաձեռնություններ լինեն, կբարձրացվի այդ հարցը: Եթե չբարձրացվի, մենք կպահանջենք, որ բարձրացվի: Այսինքն, այս մեկուկես տարվա մեջ գոնե մենք ինֆորմացիա չունենք դրա մասին, որ նման բան կա»:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հարաբերությունները կառուցելիս հաշվի առնել կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը:
«Մեր կազմակերպության գլխավոր գաղափարն այն է, որ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմատեխնիկական հարաբերությունները, ընդհանրապես բոլոր ուղղություններով հարաբերությունները պետք է հաշվի առնեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը, և ես կարծում եմ, որ բոլորիս համար մեր երկրների միջև հարաբերությունները պետք է լինեն առաջնահերթ: Մենք տրամադրված ենք մեր հարաբերությունների իրական զարգացման և կարծում եմ՝ նման հանդիպումները կնպաստեն այդ գործընթացին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերադառնալով Խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստին՝ նշենք, որ հյուրի կարգավիճակ ունեցող Կուբայի պատվիրակության ներկայացուցիչը իր ելույթում ասաց, թե բարձր են գնահատում միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու խախաղության ամպրապնդման ՀԱՊԿ ջանքերը՝ կառուցված անդամ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարկ համարեց արձագանքել՝ ասելով, որ ամեն անգամ, երբ նշվում է տարածքային ամբողջականությունը, ավելի հավասարակշռված մոտեցման համար անպայման պետք է հիշատակել նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։