Մատչելիության հղումներ

«Նարեկն ասաց՝ երկու տռուպ վրեդ կբարձեմ, կգնաս»․ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով անցնող վկա


Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատարանում վկայություն է տալիս նրանց նախկին աշխատողը, Երևան, 1-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով այսօր դատարանում վկայություն էր տալիս նրանց նախկին աշխատողը՝ Արթուր Ղևոնդյանը:

Վկան հայտարարեց՝ երբ 2007-ին Ալեքսանդր Սարգսյանի տան նկուղում տեղի ունեցած կրակոցից տուժել էր «Ճլե» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը, Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, իրեն սպառնացել է, որպեսզի մեղքն իր վրա վերցնի։

Ըստ Արթուր Ղևոնդյանի՝ Նարեկ Սարգսյանը չի ցանկացել, որ այս դեպքը մեծ հնչեղություն ստանա մամուլում։ «Այդ ժամանակ վարչապետ էր Սերժ Սարգսյանը, մյուս տարի՝ 2008 թվականին, նախագահական ընտրություններ էին։ Հետո Նարեկն ասաց, որ իջնեմ ներքև, իջա, տենց հայհոյանքներ իմ հասցեին, այդ ժամանակ Սաշիկ ձյաձան դիտողություն արեց Նարեկին՝ «ի՞նչ ես անում»։ «Երկու տռուպ վրեդ կբարձեմ, կգնաս, կնստես»,- Նարեկի խոսքերն են։ Սաշիկ ձյաձյան դիտողություն արեց Նարեկին, ինձ էլ ուսով խփեց, թե «լավ ա լինելու, հանգստացի»,- պատմեց նա։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2007-ին Հայկ Սարգսյանի կողմից իր տան նկուղում արձակված կրակոցի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել տուժող Դավիթ Սիմոնյանը: Հեղափոխությունից հետո տուժողը դատարանում պատմել էր, որ իր որովայնին կրակել է Հայկ Սարգսյանը, բայց ինքը հիվանդանոցում ասել, է, որ Արթուր Ղևոնդյանն է կրակել, ու հավելել՝ Հայկը սպառնացել էր՝ ասելով, թե «չես ապրի, եթե չասես, որ Արթուրն է»:

Արթուր Ղևոնդյանն այսօր դատարանում հակասական ցուցմունքներ տվեց, սկզբում ասաց, թե իրավապահներն են իրեն Ռուսաստանից Հայաստան հրավիրել, որ գա, ցուցմունք տա, ավելին՝ 4 տոմսերից երկուսն էլ հենց իրավապահներն են գնել ու ասել՝ եթե նշված ժամկետում չգա, հետախուզում կհայտարարվի:

Այնինչ, ըստ մեղադրող դատախազի, վկան իր նախաքննական ցուցմունքում նշել է, թե հասկանալով, որ երկրում իրավիճակ է փոխվել, որոշել է գալ ու պատմել եղելությունը: Մեղադրող դատախազը նախաքննական ցուցմունքից կարդաց հետևյալ հատվածը. «Մի քանի օր առաջ լուրերով նկատեցի իմ կողմից նշված միջադեպը, ու որ իմ անվան հետ որևէ առնչություն չլինի, որոշեցի գալ և պատմել ճշմարտությունը»։

Մեղադրող դատախազը հրապարակեց նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքից ևս մի հատված, որտեղ նա պատմել է, որ ոստիկանները դեպքից հետո եկել ու կրակված պարկուճներ են գցել գետնին, հետո դրանք նկարել են, իրեն տվել զենքն ու տարել ոստիկանություն։ Ցուցմունքում նաև 2007-ին ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանի անունն է հիշատակված։

«Աշխատասենյակում գտնվելու ժամանակ ինձ անծանոթ մի անձնավորություն ասաց, որ վերցնեմ զենքը և դրանով գնամ մեկ այլ աշխատասենյակ, քանի որ ինձ ցանկանում էր տեսնել Ներսես Նազարյանը, ով, իմ իմանալով, այդ ժամանակ պաշտոն էր զբաղեցնում ոստիկանության համակարգում։ Երբ մտա նրա մոտ, նա միայնակ էր, ինձ հարցրեց, թե ա՞յդ ատրճանակն է եղել միջադեպի ժամանակ ինձ մոտ, պատասխանեցի՝ այո, ապա ասաց, որ գնամ»,- մեջբերեց մեղադրող դատախազը։

Վկան թե՛ նախաքննական ցուցմունքում և թե՛ այսօր դատարանում ասաց, որ ոստիկանությունում գրել է այն, ինչ իրեն թելադրել են: Իր կարծիքով՝ Ալեքսանդր Սարգսյանը հանձնարարել է գործը փակել, ինքն էլ գնացել է տուն, հետո շրջապատը փոխելու համար մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Մեղադրող դատախազը վկային հարցրեց՝ Հայկ Սարգսյանը հաճա՞խ էր զինված լինում, վկան ասաց՝ միշտ, ու շարունակեց. - «Իմ հորեղբայրն էլ պրեզիդենտ լիներ, ես էլ զենք կպահեի»։

Մեղադրյալ Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հարցրեց վկային, թե նրա կարծիքով, ինչո՞ւ են իրավապահները շահագրգռված եղել, որ նա գնա, ցուցմունք տա, այն դեպքում, երբ անգամ ասել է, որ տոմսեր են գնել նրա համար։ Վկան ասաց՝ «չգիտեմ»:

Մեղադրյալի աթոռին գտնվող Հայկ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների ոչ մի հարցին, միայն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հայկ Սարգսյանը, ի դեպ, անցած տարի ամռանը կալանավորվել էր և մի քանի ամիս անց 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: Տուժող Դավիթ Սահակյանն էլ թմրանյութերի գործով է անցնում, նա նույնպես ստորագրությամբ է ազատ արձակվել, մինչդեռ վկա Աթուր Ղևոնդյանը կարծում է, որ Հայկ Սարգսյանի դեմ տված ցուցմունքների դիմաց է նա այսօր գտնվում ազատության մեջ:

Վկան նաև Ալեքսանդր Սարգսյանի հետ է առերեսվել: Մեղադրող դատախազը նաև այդ ցուցմունքներից մի հատված կարդաց՝ պնդելով, որ վկան դատարանում հակասական ցուցմունք է տալիս: Ցուցմունքում ասվում է.

«Վկա Ալեքսանդր Սարգսյանի հարցը Ղևոնդյանին՝ «Եթե իմ նկատմամբ ունեք նյութական պահանջ վերոնշյալի պատճառով, ապա ինչո՞ւ մինչև հիմա այդ պահանջը չես ներկայացնում»։

«Մոտս եղել է վախի զգացում, որովհետև բոլոր լծակները եղել են Ալեքսանդր Սարգսյանի շրջապատի ձեռքում, չէի հավատում, որ իրավիճակ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, և չեն գործում Ալեքսանդր Սարգսյանի լծակները։ Ծանոթանալով իրավիճակին, տեսնելով, որ իրավիճակ է փոխվել, դիմել եմ քննչական բաժին»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG