Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից


Ալեքսանդր Սարգսյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) թույլատրել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

Գալստյանը չմանրամասնեց, թե Հայաստանը լքելու ի՞նչ անհրաժեշտություն ուներ Ալեքսանդր Սարգսյանը։

Նա նաև չմանրամասնեց, թե ե՞րբ և որքա՞ն ժամանակով է Հայաստանի երրորդ նախագահի եղբայրը հեռացել Հայաստանից, միայն նշեց. - «Որոշակի ժամանակով»։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):

Դրանից հետո ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG