ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:
Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշել է, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նախարար Ցոլակյանն անձնական հսկողության տակ է պահում Էդգար Գրիգորյանի բուժման հետ կապված բոլոր հարցերը:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն ասել է, որ հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա:
Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում: