Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը չպետք է մերժեր սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ Խանումյան


Արցախ - Ստեփանակերտի շենքերից մեկի նկարազարդված պատը, արխիվ
Արցախ - Ստեփանակերտի շենքերից մեկի նկարազարդված պատը, արխիվ

Արցախի խորհրդարանը պետք է չմերժեր ավելի քան 21 հազար ստորագրություն հավաքած` սահմանադրական փոփոխություններին վերաբերող նախագիծը, այլ այն պետք է ուղարկեր Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը որոշելու համար։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախագծին կողմ քվեարկած՝ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։

«Քաղաքացիական նախաձեռնությունների ձևով խորհրդարան եկող նախագծերը սահմանադրական փոփոխությունների պետք է խորհրդարանի արգելքի չհանդիպեն և Գերագույն դատարանում սահմանադրական ճանաչվելուց հետո ուղղակի դրվեն հանրաքվեի», - հայտարարեց Խանումյանը:

Նախագիծն Արցախի Ազգային ժողովում չընդունվեց՝ ձայների 24 դեմ, 4 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ ստորագրահավաք էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նա ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտար Բաբայանին և Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններում:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ի սկզբանե էլ հայտնի էր, որ այդ հարցը փակուղում է հայտնվելու։ Վստահ է՝ եթե Ազգային ժողովն ընդուներ նախագիծը, ապա մինչ դրա՝ օրենքի ուժ ստանալը Սամվել Բաբայանը չէր կարող մասնակցել ընտրություններին, հաշվի առնելով սահմանված ընթացակարգերը։ «Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պիտի գնար երկրորդ ընթերցում, մինչև երկրորդ ընթերցումը Ազգային ժողովը դա պիտի ուղարկեր Գերագույն դատարան, Գերագույնը վեց ամսվա մեջ, իսկ եթե խնդիր առաջանար՝ ինն ամսվա մեջ, պետք է կարծիք տար, հետո երկրորդ ընթերցում անցներ, ստորագրվեր նախագահի կողմից ու 40 օրվա ընթացքում դրվեր հանրաքվեի: Այսինքն՝ զուտ ժամանակային առումով մարտի 31-ը անցնում էր, այսինքն՝ ընտրությունների օրը անցնում էր, էլ չասած՝ առաջադրվելու ժամկետը», - մանրամասնեց Խանումյանը:

Պատգամավորը նկատում է՝ նախաձեռնությունը ցույց տվեց, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների պահանջ կա։ «Էս նախաձեռնությունը մի լավ բան տվեց, էս նախաձեռնության քարոզարշավը, հատկապես՝ գյուղական վայրերում, բավականին արթնացրեց ժողովրդին։ Բավականին հստակ ցուցիչ է ստորագրությունների թիվը, որ լուրջ պահանջ կա Արցախում փոփոխությունների», - ընդգծեց Հայկ Խանումյանը:

Արցախի խորհրդարանում ամենամեծ թվով անդամ ունեցող «Հայրենիք» խմբակցության մեծ մասը՝ 13 պատգամավոր, դեմ է քվեարկել նախագծին։

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը եղել է Արցախի վարչապետը, ապա՝ պետական նախարարը, հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականների նախագահական ընտրություններին։ Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են նաև Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ի դեպ, Սամվել Բաբայանի գրասենյակից դեռ չեն մեկնաբանում Արցախի խորհրդարանի որոշումը։

XS
SM
MD
LG