Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Ունենք նախապայման՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սակարկման թեմա չէ


Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ուղիղ հեռուստաեթերում հարցազրույց է տալիս «Ազատությանը», Ստեփանակերտ, 7-ը ապրիլի, 2019թ․
Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ուղիղ հեռուստաեթերում հարցազրույց է տալիս «Ազատությանը», Ստեփանակերտ, 7-ը ապրիլի, 2019թ․

Արցախի նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»․

«Ազատություն»․ - Առաջին հարցը՝ մտադի՞ր եք Դուք արդյոք մասնակցել գալիք տարի Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին:

Արայիկ Հարությունյան․ - Պաշտոնից հրաժարվելու ժամանակ հայտարարել եմ, որ ակտիվ մասնակցություն եմ ունենալու քաղաքական պրոցեսներին, զբաղվելու եմ կուսակցական շինարարությամբ: Պատրաստվելու ենք այդ պրոցեսներին արդեն տեղական բջիջներում հանդիպումներ ունենալուց հետո, և այսօր այդ հանդիպումներն են ընթանում: Որոշումը լինելու է, իհարկե, համագումարում, բայց այսօր տեսնում եմ, որ կուսակցության շարքերում կա, այո, պահանջ՝ առաջադրվելու, բայց պատասխանը կլինի արդեն համագումարի ժամանակ, երբ որ ընտրվի նոր կուսակցության նախագահ, որն էլ, հավանական է, լինելու է կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:

«Ազատություն»․ - Ձեր գլխավորած կուսակցությունը ներկայումս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնություն ունի, և Դուք ասացիք, որ համագումար պետք է լինի, ընտրեք նախագահ, և հենց այդ նախագահն էլ կլինի թեկնածու: Ես որքան հասկանում եմ, միայն Դուք եք առաջադրվելու, և պատասխանը միգուցե ակնհայտ է, որ մասնակցելու եք ընտրություններին:

Հարությունյան․ - Մի քիչ ճիշտ չի՝ համագումարի փոխարեն ես նման հայտարարություն անեմ, բայց այն, որ այսօրվա կուսակցական շինարարության ճանապարհին ես տեսնում եմ այդ պահանջը, և, ինձ թվում է, նմանատիպ ինչ-որ որոշում կլինի:

«Ազատություն»․ - Կարծիք կա, որ Հայաստանի իշխանություններ ավելի շատ հակված են սատարելու Ձեր թեկնածությունը, և որպես հիմնական մրցակից է դիտվում նաև Վիտալի Բալասանյանը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Հարությունյան․ - Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հակված են որևէ թեկնածուի կամ որևէ անձի՝ նախագահ ընտրելու առումով, և Վիտալի Բալասանյանը, մյուս բևեռը, Արցախում լինելու են հաստատ ավելի շատ թեկնածուներ, և բոլորն էլ իրավունք ունեն ընտրվելու, հնարավորություն ունեն ընտրվելու, և Հայաստանի իշխանությունները ընդունելու են մեր ընտրությունների արդյունքները: Եվ ընտրված իշխանությունը, նախագահը, ձևավորված ղեկավարությունը, համոզված եմ, որ ջերմ հարաբերություններ է ունենալու Հայաստանի իշխանության հետ:

«Ազատություն»․ - Եթե խոսենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված, ո՞րն է Ձեր դիրքորոշումը, ո՞րն է փոխզիջման Ձեր պատկերացումը, ինչպե՞ս եք պատրաստվում հաշտություն կնքել Ադրբեջանի հետ:

Հարությունյան․ - Մենք ունենք, նախ, նախապայման՝ որ Ղարաբաղի անկախության կամ ինքնորոշման իրավունքը սակարկման թեմա չի, բանակցությունների թեմա չի, որից հետո արդեն մենք պետք է ունենանք երկու կարևոր խնդիր՝ անվտանգության խնդիր, այսինքն՝ ինչպես ենք ապահովելու մեր անվտանգությունը, և այդ անվտանգությունը պայմանավորված չի լինելու միայն դիտորդների կողմից կամ միջազգային հանրության կողմից, միջազգային կազմակերպությունների կողմից երաշխավորված, այլ մենք պետք է հասկանանք, որ ինքներս ենք պատրաստ մեր անվտանգությունը ապահովելու, և հետո՝ արդեն փոխզիջումները պետք է բխեն հենց այդ անվտանգության մեր խնդրից ելնելով:

Ինչ վերաբերում է՝ մենք վերջին այդ քննարկումների ժամանակ դիրքորոշումը, խաղաղության պատրաստել, և այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ հայտարարեց, որ մենք այդ ռազմատենչ հայտարարություններին օրակարգ ենք մտցնելու խաղաղությա՛ն մեր տեսակետը՝ իհարկե, սա ողջունելի է, և միանշանակ՝ մենք պետք է ա՛յդ ճանապարհը ընտրենք:

Արայիկ Հարությունյանը 46 տարեկան է: Նա 10 տարի՝ 2007-17 թվականներին եղել է Արցախի վարչապետ, ապա նշանակվել է պետնախարար, այդ պաշտոնից հրաժարական է տվել անցած տարվա հունիսին: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է:

XS
SM
MD
LG