Մատչելիության հղումներ

Արցախում անցկացվելիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկը նշմարվում է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

2020 թվականին Արցախում անցկացվելիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկը հետզհետե նշմարվում է: Այսօր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։

Նա մասնավորապես ասել է․ «Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը»:

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս «Ազատության» հետ զրույցում հաստատեց կուսակցությունում նոյեմբերի 9-ի համագումարին հենց իրեն կառաջադրեն որպես նախագահի սեփական թեկնածու:

«Կուսակցության ղեկավարը ես եմ, մի տարի է ասում են, որ ես եմ լինելու, հավանականը ես եմ, այո», - նշեց Հարությունյանը։

«Ազատություն» հարցին՝ դրանք համեմատելի ընտրություններ կլինե՞ն նախորդ համապետական ընտրությունների հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Արցախում միշտ էլ ընտրությունները եղել են բարձր մակարդակով, իհարկե, ամեն մի ընտրություն նախորդի համեմատ ավելի առաջ է լինում՝ հաշվի առնելով սխալները, թերացումները և այլն»։

Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընտրությունների մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Խոսելով Արցախում սպասվող համապետական ընտրությունների մասին, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Արցախի այս տարվա ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հին մեթոդոլոգիան իրեն սպառել է: Բոլոր հավանական թեկնածուները պետք է գիտակցեն, այս ընտրությունները բոլորովին նոր կանոներով են անցնելու, այլևս ընտրություններից առաջ ոչ թե կանխատեսելիություն է, այլ անորոշություն, ասում է քաղաքագետը:

«Առաջին անգամ է փաստորեն անկախ պատմության մեջ, երբ որ իսկապես մարդիկ պետք է կողմնորոշվեն ու գնան իրենց ձայները տան։ Գործող էն լծակները՝ սրա մարդ, նրա մարդ, ցույց տվեցին էս ընտրություններում, որ չեն աշխատում, բացարձակապես, անգամ եղել են դեպքեր, որտեղ 20-25 տարի լրիվ ֆիոդալական կարգեր էին, սարսափի մեջ ապրող մարդիկ, բայց դրել են նոր դեմքեր, հաղթել, դրա համար անիմաստ բան է ընդհանրապես խոսել, ընդեղ էլ կան մարդիկ, որոնք հույս ունեն, որ ստեղից ինչ-որ աջակցություն կստանան, բայց էդ աջակցությունը ոչ թե նախկին դեմքերից, նախկին դեմքերը որևէ ազդեցություն ընդեղ չունեն, բացարձակապես, այլ ասենք Հայաստանի իշխանություններից ինչ-որ ձևով», - ասաց Մանվել Սարգսյանը։

Հեղափոխությունից հետո Հայաստանյան իշխանությունների աշխատանքը Արցախի իշխանական վերնախավի հետ այնքան էլ հարթ չանցավ, Փաշինյանը անգամ ակնարկեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի նախկինների հետ ունեցած կապի մասին՝ անվանելով նրանց պարի ընկերներ: Այդ ժամանակահատվածում Արցախում կադրային փոփոխություններ ու վերադասավորումներ էլ եղան, մասնավորապես, ուժային կառույցներում: Ըստ քաղաքագետի, պաշտոնից հեռացած շատ անձինք ՏԻՄ ընտրություններից հետո պետք է հետևություններ անեն իրենց վարկանիշի մասին։

«Այն տոտալիտար մթնոլորտը, որը եղել է իհարկե չի աշխատում, չի էլ կարող աշխատել, ինչի՞ համար, որովհետև բոլոր էն դեմքերը, ովքեր որ հանվել են, պաշտոններից հեռացվել են, ինչ-որ ժամանակ դեռ փայփայում էին, թե առանց պաշտոնի էլ իրենք ինչ-որ ազդեցություն ունեն։ իրականության մեջ կյանքը արդեն ցույց տվեց այս ընտրություններին՝ դա այդպես չէ, դրա համար միակ մեխանիզմը, որի միջոցով կարող է ընտրվի նախագահի պարլամենտը, դա լինելու է ընտրողի ձայնը», - նշեց քաղաքագետը։

Մանվել Սարգսյանը կարծում է՝ շատ հարցերի վերջակետ Արցախում դրվեց օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթով: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց Հայաստանը լինելու է Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Հայտարարությանը հաջորդեց Հայաստանի կառավարության որոշումը դրամաշնորհ տրամադրել հասարակական կազմակերպություններին Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Հայաստանյան իշխանությունները չեն հայտարարել նաև, թե ունե՞ն Արցախում իրենց համար ցանկալի թեկնածու, թե՞ ոչ: Այս թեմայով մեկնաբանություն չի տալիս նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, ով միայն հաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունը, որ ընտրություններին չի առաջադրվելու:

XS
SM
MD
LG