Մատչելիության հղումներ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դր Լայեն, արխիվ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դր Լայեն, արխիվ

2014 թվականին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրված Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի լիազորությունների ժամկետն այսօր սպառվեց: Նրան վաղվանից կփոխարի Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա 2005 թվականից է աշխատել կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունում՝ նախ որպես Ընտանիքի և երիտասարդության, ապա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ 2013-ից մինչև վերջերս գլխավորել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջին կինն էր այդ պաշտոնում: Եվ վաղը՝ որպես առաջին կին, ստանձնելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Նա հենց Բրյուսելում է ծնվել, 1958 թվականին, հայրը՝ Էռնստ Ալբրեխտը, գերմանացի պետական գործիչ էր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և ինտեգրման ուղին ընտրած Եվրոպայի առաջին կառույցների քաղաքացիական ծառայողներից էր: Նա աշխատանքի բերումով է բնակվել Բրյուսելում, որտեղ էլ ծնվել է դուստրը:

Մայրենի գերմաներենին հավասար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն: Այդ երրորդ լեզուն նա կատարյալ սովորել է նախ ուսման նպատակով բնակվելով Լոնդոնում, իսկ հետո էլ՝ ապրելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որտեղ Սթենֆորդում պայմանագրով 4 տարի աշխատել է բժիշկ ամուսինը՝ Հեյկո ֆոն դեր Լայենը: Տեր և տիկին ֆոն դեր Լայեններն ունեն յոթ երեխա:

Հայտնի է, որ եվրոպացի չինովնիկները՝ Եվրախորհրդարանի պատգամավորները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները, հանձնակատարները, նրանց տեղակալները և ամբողջ այդ վերնախավը, շատ բարձր աշխատավարձ են ստանում, ապահովված են շքեղ բնակարաններով, բարձր օրապահիկով, տրանսպորտով:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 28 հազար եվրո է, նրան տրվում է նաև 4 հազար 185 եվրո բնակարան վարձելու համար, և առայժմ հայտնի չէ, թե ինչ կորոշի Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ գումարի վերաբերյալ: Համենայն դեպս, նա ասել է, որ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովին տրված «Բերլեմոն» անվամբ շենքի 13-րդ հարկում 25 քառակուսի մետրանոց սենյակ է ընտրել: Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, նախ դա թույլ կտա միջոցներ խնայել, բացի այդ, շենքի անվտանգությունն արդեն ապահովված է, ուստի պետք չի լինի առանձնատուն գտնել Բրյուսելում և լուծել դրա անվտանգության հարցը: Եվս մի շատ կարևոր գործոն՝ մեքենաներով գերբեռնված Բրյուսելում տրանսպորտի խնդիր չի լինի, դուրս ես գալիս բնակարանից ու ոտքով կես րոպեում հասնում գրասենյակ, որը նույն շենքում է:

Դե իսկ ազատ ժամանակը նա կանցկացնի ընտանիքի հետ՝ Գերմանիայում, Հանովեր քաղաքում:

Ի դեպ, զբաղեցնելով Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային օրերին բնակվել է նախարարության 7.5 քառակուսի մետրանոց սենյակում, որը խուց է Բրյուսելում 25 քառակուսի մետրի համեմատությամբ:

XS
SM
MD
LG