Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Ֆրանսիա - Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանի կողմից իր ընտրությանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Ստրասբուրգ, 16-ը հուլիսի, 2019թ․
Ֆրանսիա - Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանի կողմից իր ընտրությանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Ստրասբուրգ, 16-ը հուլիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով:

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ և ընդգրկուն օրակարգ: Մենք հատկապես կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն մեր կապերի հետագա ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին:

Հայաստանը եղել և մնալու է Եվրոպական միության հուսալի գործընկերը: Համոզված եմ, որ մեր ընդհանուր արժեքները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ժողովրդավարության և օրենքի գերակայության հաղթանակին, վստահելի հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների հետագա կատարելագործման և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենին մաղթում է հաջողություն և արդյունավետ գործունեություն Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Գերմանիայի պաշտպանության արդեն նախկին նախարար 60-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանում երեկ կայացած քվեարկության արդյունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG