Մատչելիության հղումներ

«Ի վերջո Եվրոպան կին է». Եվրամիությունում ղեկավար կազմի թեկնածուների շուրջ համաձայնության են հասել


Երեք օր տևած լարված և թվում էր` փակուղում հայտնված բանակցություններից հետո երեկ ուշ երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ի վերջո հայտարարեց Եվրամիության առանցքային պաշտոններում թեկնածուների անունները։ Այս որոշումը այժմ պետք է հաստատի վերջերս ընտրված Եվրոպական խորհրդարանը:

Այսպիսով, Եվրամիությանը հաջողվեց հարթել տարաձայնությունները, ինչը սպառնում էր կաթվածահար անել կես միլիարդ բնակչություն ունեցող, մոլորակի խոշորագույն տնտեսական և քաղաքաղական միության իշխանությունը: Արդեն առաջիկա աշնանը բելգիացի Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը կզիջի Գերմանիայի պաշտպանության նախարար, Անգելա Մերկելի մերձավոր զինակից 60-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենին:

Եթե նրա թեկնածությունը հաստատվի, առաջին անգամ կին կղեկավարի Եվրոպական միությունը: Ընդհանուր առմամբ՝ Դաշինքի ղեկավար կազմում չորս առանցքային պաշտոններից երկուսը բաժին է հասնում կանանց:

«Հրաշալի գենդերային հավասարակշռություն», - երեկ հայտարարում էր Տուսկը՝ ընդգծելով. «Ի վերջո Եվրոպան կին է»:

Եվրամիության իշխանական կազմում հաջորդ առանցքային պաշտոնում մյուս կին թեկնածուն՝ 63-ամյա Քրիստին Լագարդն է. Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը, ում անվանում են ֆինանսական աշխարհի ռոք-աստղ: Նա ստանձնում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Այսպիսով, եվրոպական մայրցամաքի ֆինանսական վերահսկողությունը անցնում է Ֆրանսիային: Այդ երկրի կառավարությունում անցած տարիներին մի շարք բարձր, այդ թվում՝ նախարարի պաշտոն զբաղեցրած Լագարդը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի իտալացի Մարիո Դրագին: Լեհ Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահի պորտֆելը փոխանցում է Բելգիայի 43-ամյա վարչապետ Շարլ Միշելին: Վերջինիս հայրը, ի դեպ՝ Լուի Միշելը ժամանակին զբաղեցրել է Եվրոպական հանձնակատարի պաշտոնը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին փոխարինելու է գալիս իսպանական քաղաքականության վետերաններից, այդ երկրի արտգործնախարար 72-ամյա Ժոսեփ Բորելը: Կատալոնացի քաղաքական գործիչը 2004-2007 թվականներին զբաղեցրել է Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը, իսկ անցյալ տարի՝ երկար դադարից հետո կրկին վերադարձել է մեծ քաղաքակություն՝ ստանձնելով Իսպանիայի արտգործնախարարի պաշտոնը սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարությունում:

Եվրամիության ղեկավար կազմի այս փոփոխությունները, հիշեցնենք, հաջորդում են Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններին, որի արդյունքներով կենտրոնամետները զրկվել են կայուն մեծամասնությունից, ինչն էլ իր հերթին հավասարակշռություն է ստեղծել պահպանողականների և լիբերալների միջև:

Ի դեպ, Եվրախորհրդարանը այսօր կրկին՝ ոչ դյուրությամբ, երկրորդ փուլի արդյունքներով խոսնակ ընտրեց իտալացի դեմոկրատ Դավիդ Մարիա Սասոլիին: Հաջորդ երկուսուկես տարվա ընթացքում Եվրախորհրդարանի խոսնակի պաշտոնը կզբաղեցնի նախկին լրագրող Սասոլին, ով մոտ երկու տասնամյակ աշխատել է իտալական առաջատար պարբերականներում, և 2009 թվականին հաջողությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր Դեմոկրտական կուսակցության ձախակենտրոնների ցուցակով:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների միջև եռօրյա գերլարված քննակումներին, մասնավորապես, կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Մենք մեզ, Եվրոպական միությունը, Եվրոպան վատ լույսի ներքո ենք ներկայացնում: Տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպան անլուրջ է պահում իրեն», - վրդովմունքը չթաքցնելով՝ ասել է ֆրանսիացի առաջնորդը:

«Մեր հեղինակությունը լրջորեն տուժում է անվերջ նիստերի պատճառով, որոնք արդյունք չեն տալիս», - նաև հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը՝ կրկնելով մայիսյան իր թեզը այն մասին, որ դեմ է Եվրոպական միության հետագա ընդլայնմանը՝ բալկանյան երկրների հաշվին, քանի դեռ Եվրամիությունը չի բարեփոխվել՝ ավելի միասնական և հեշտ կառավարվող միություն դառնալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG