Մատչելիության հղումներ

Քիչ, նախարարներից, փոխնախարարներից քիչ․ մարզպետները հրաժարվեցին հայտնել՝ ի վերջո ինչքան են վարձատրվում


Ազգային ժողով՝ հաջորդ տարվա բյուջետային քննարկումներին մասնակցելու եկած Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարվեց հայտարարել՝ մեծ աղմուկ հանած գաղտնի որոշմամբ ինքն ի վերջո յուրաքանչյուր ամիս ինչքա՞ն է վարձատրվում: Միայն ասաց՝ վարչապետի ցանկացած որոշում ճիշտ է համարում։

«Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն՝ գաղտնի ինֆորմացիայի մասին խոսելով: Հանրապետության վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլ նաև ճիշտ եմ համարում», - ասաց Գևորգյանը:

Արագածոտնի մարզպետը դժգոհ է, որ մարզպետարանի շատ աշխատողներ ցածր աշխատավարձ են ստանում, այդ դեպքում ավելի ճիշտ չէր լինի նախ նրանցը բարձրացնել, նոր մարզպետներինը:

«Էն տրամաբանությամբ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ են բարձր վարձատրվում, նրանք ավելի վաղ են սկսել բարձր վարձատրվել», - նշեց Դավիթ Գևորգյանը:

Մարզպետներն, ընդհանրապես, հակված չէին խոսել ավելացած եկամուտներից: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ՝ նրանց թվում:

«Պատկան մարմիններին հարցրեք, ես ընդամենը արձանագրեցի, որ ավելացել է», - նշեց Սյունիքի մարզպետը:

Լրագրողների հարցին, որ նախարարների աշխատավարձը 1,5 միլիոն է, փոխնախարարներինը՝ 12 միլիոն, մարզպետներինը որքա՞ն է, Պողոսյանը պատասխանեց․ «Քիչ, իրենցից քիչ»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նույնպես հրաժարվեց ամսական վարձատրության չափ նշել՝ առաջարկելով սպասել հայտարարագրին։ Վերջին անգամ կոնկրետ Ջանջուղազյանը այս տարվա ապրիլին է հայտարարագիր ներկայացրել՝ անցած տարվա եկամուտների մասին։

Այսինքն այս տարվա մայիսից ստացած վարձատրության մասին լավագույն դեպքում կիմացվի հաջորդ տարի գարնանը։

«Թույլ տվեք դրան ոչ թե որպես գաղտնիք վերաբերվել, այլ ուղղակի կգա ժամանակը կհրապարակվեն մեր հայտարարագրերը, բոլորը կտեսնեն, թե ինչքան է եղել վարձատրությունը կոնկրետ ժամանակահատվածի համար», - ասաց Ջանջուղազյանը:

Անցած շաբաթ «Հետք»-ը տեղեկություն հրապարակեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը: Այս լուրը մեծ դժգոհություն առաջացրեց՝ ինչո՞ւ գաղտնի, որ դա նահանջ է թափանցիկ կառավարման սկզբունքից: Դրանից հետո վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանմամբ հանդես եկավ, թե որոշել է անցած տարվա «պարգևավճարային աղմուկից» հետո կանոնակարգել պարգևատրումների համակարգը:

Կարապետյանը թվեր էր հրապարակել՝ նախարարի ամսական աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում են 1,5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն, մարզպետներինը՝ 900 հազար: Օրինակ՝ նախարարների դեպքում, աշխատավարձը հարկերը հանելուց հետո օրենքով մոտ 565 հազար դրամ է։

«Ազատության» հարցին՝ ֆիքսված պարգևավճար է ամեն ամիս լինելու, թե բացի դրանից կարող են էլի պարգևավճար ստանալ, Ջանջուղազյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել կլինի, թե ոչ, համենայն դեպս էդպիսի քննարկում չի եղել: Պարգևավճարի համար կարգավորումներն այնպիսին են, որ թույլ են տալիս և՛ դրանից պակաս ունենալ, և՛ դրանից ավել: Այո, հավասարապես և՛ պակասը, և՛ ավելը չեմ բացառում, որովհետև դա պարգևավճար է, այնուամենայնիվ, դա աշխատանքի վարձատրություն չի, որ մենք իրան վերաբերվենք որպես օրենքով գործատուի կողմից ստանձնած պարտավորություն»:

Միայն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը չթաքցրեց՝ ինքը այս տարվա մայիսից մոտ 1,5 միլիոն դրամ է ստանում՝ հարկերը հանած։

Ընդունում է՝ այն դեպքում, երբ Հայաստանում աղքատության բարձ ցուցանիշ կա, շատ ու շատ ոլորտներում ցածր աշխատավարձեր, քննադատություն չէր կարող չլինել, բայց օրինակ է բերում, թե ինչո՞ւ էր ճիշտ կոնկրետ իր աշխատավարձի բարձրացումը:

«Մենք ունենք տարբեր ծրագրեր, ունենք աշխատակիցներ, որոնք բազմաթիվ անգամ ավելի բարձր աշխատավարձեր են ստանում տարբեր ծրագրերով, քան գերատեսչության ղեկավարը: Կարծում եմ՝ առնվազն այս կոնտեքստով դա ավելի ճիշտ կլինի, որ այսպես ասած, այդքան ցածր չլիներ քան աշխատակիցները», - նշեց Գրիգորյանը:

XS
SM
MD
LG