Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակը պարզաբանում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, ընդդիմությունը քննադատում է


Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձի զգալի բարձացումից հետո կառավարությունից պարզաբանում են՝ ինչն է պատճառը, որ վարչապետի որոշումը գաղտնի է պահվել, և ինչու է անհրաժեշտություն առաջացել բարձրացնել գործադիրի անդամների աշխատավարձը։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշել է կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որ բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Կարապետյանի տեղեկացմամբ՝ սահմանվել են նախարարների, մարզպետների, գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր։ Դրանց համաձայն՝ նախարարների ամսական աշխատավարձն ու պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ:

«Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով: Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը», - Ֆեյսբուքում գրել է Կարապետյանը:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ պաշտոնյաների աշխատավարձի չափը հաշվարկվում է պետական բյուջեով սահմանվող բազային աշխատավարձը բազմապատկելով համապատասխան գործակցով: Պետական համակարգում ամենաբարձր աշխատավարձը ստանում է նախագահը՝ 1 միլիոն 322 հազար 800 դրամ, նախագահին հաջորդում են վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը ՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձով։ Նախարարների աշխատավարձը մինչ վարչապետի ընդունած որոշումը 793 հազար 680 դրամ էր։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունում ընդունում են, որ անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը, սակայն ոչ այդչափ։ Խմբակցությունում, բացի այդ, անընդունելի են համարում, որ գործադիրը թաքցրել է որոշումը հասարակությունից։

«Չի կարող ուղղակի որոշում լինել, որ միայն նախարարինը հիմա դառնում է ավելի, քան, օրինակ, նախագահի աշխատավարձն է, մարզպետի աշխատավարձը դառնում է ավելի, քան պատգամավորի աշխատավարձն է: Էստեղ պետք է, եթե կառավարությունը գտնում է, որ կա նման խնդիր, դրա լուծելու ձևը էսպես թաքուն, գաղտնի որոշումներով՝ դա հարցը լուծելը չէ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը համոզված է՝ գործադիրը չի հայտարարել աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ դա ոչ պոպուլյար քայլ է՝ հասարակությունը բացասաբար կարձագանքեր։ Պատգամավորն ասում է՝ կառավարությունը համակարգային մոտեցում պետք է ցուցաբերի՝ բարձրացնելով պետական համակարգի մյուս աշխատակիցների աշխատավարձերը ևս․ - «Եթե բարձրացնում ենք, եթե էդքան գումար ունենք, եկեք, օրինակ, հա՞, 70 տոկոսով բոլորինը բարձրացնենք՝ և՛ ուսուցիչների, և՛ թոշակառուների, և մնացածը, և մնացյալը: Բայց չի կարելի էսպես, թաքուն, հանկարծ որոշել ու՝ «էկեք նախարարներինը բարձրացնենք, որովհետև իրենք հակառակ դեպքում իրենց պարգևավճարներ են տալիս, որը հետո բուռն քննարկումների տեղիք է տալիս»:

Խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ են քննադատում իշխանություններին նման քայլի գնալու համար։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր՝ այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին և խորհրդարանին:

Ի դեպ, վարչապետի խոսնակը իր գրառման մեջ նաև անդրադարձել է այս քննադատությանը՝ անուններ չնշելով։ «Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են», - գրել է Վլադիմիր Կարապետյանը:

XS
SM
MD
LG