Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչներին չի բավարարել վարչապետի պարզաբանումը


Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիները բավարարված չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պարզաբանմամբ, թե ինչպես է ստացվել, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյանների աշխատավարձերը բարձրացվել է գաղտնի ընթացակարգով:

«Ոչ մի կերպ մարդիկ չեն կարող դա ընդունելի համարել: Ոչ միայն այն պատճառով, որ դա գաղտնի է եղել, այլ ընդհանրապես բուն բովանդակությունը, որ բարձրացրել են [փաստարկելով, թե] այդ պաշտոնյաների աշխատանքից է կախված, թե մարդիկ ոնց կապրեն: Անընդունելի մի բան: Եվ դրա համար է գաղտնի արվել, ինքն էլ է գիտակցում, որ չարժեր այդպես կրկնապատկել, միլիոն ու կես դարձնել, երբ որ մենք ունենք 25 հազար դրամ նպաստ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Երեկ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ որոշումը գաղտնի գրիֆով անցկացնելը եղել է իներցիոն և ընթացակարգային և ոչ միտումնավոր, քանի որ, այսպես թե այնպես, նախարարներն ու փոխնախարարները ամեն տարի լրացնում են եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր։

Այնուամենայնիվ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Փաշինյանի պարզաբանումը համոզիչ չէ և անգամ ուշացած է․ - «Վարչապետը անկեղծ է շփվում մարդկանց հետ, և լավ կլիներ, որ շարունակեր պահպանել այդ անկեղծությունը: Ո՛չ գաղտնի հանձնարարականներ լինեին և ո՛չ էլ այսպիսի տեքստեր, թե նախարարների լավ աշխատանքից է կախված թոշակառուի լավ ապրելը»:

Ըստ Ալեքսանյանի, տարօրինակ էր նաև, որ հանրային մեծ հնչեղություն ստացած հարցի վերաբերյալ խորհրդարանում հիմնականում լուռ էին, մինչև թեմայի վերաբերյալ չխոսեց վարչապետը․ - «Առհասարակ «Իմ քայլը» սպասում է իր առաջնորդի խոսքին, մտքին և երբեք չի հակառակվում, նույնիսկ քիչ տարբեր կարծիք չի արտահայտում որևէ մեկը: Եվ դա էլ է տխուր»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կիսում է գործընկերոջ տեսակետը․ հանրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ որոշումը չպետք է գաղտնի ընդունվեր։

Բացի այդ, Սաքունցին ևս մտահոգել է Ազգային ժողովի կրավորական դիրքորոշումը․ - «Ազգային ժողովի պատգամավորները խուսափում են խնդրի վերաբերյալ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող խնդրի վերաբերյալ որևէ կարծիք արտահայտելուց, մինչև դրա մասին չարտահայտվի Նիկոլ Փաշինյանը»:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Սաքունցի խոսքով, հանրությունը պետք է գնահատի կառավարության վարքագիծը՝ հիմնվելով ստացված տեղեկատվության վրա․ ինչպես թոշակների բարձրացման մասին տեղեկությունն է հասանելի, այդպես էլ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձի դեպքում պետք է լինի․ - «Դա կառավարության պարտավորությունն է՝ ապահովել ինձ տեղեկատվությամբ: Այնպես որ, համոզիչ չէ: Եվ գտնում եմ, որ սա այն դեպքն է, որից պետք է դաս քաղել և հանրության հետ մշտապես մնալ թափանցիկ, հաշվետու և վստահելի: Ամենամեծ ռեսուրսը այս իշխանության վստահությունն է»:

Կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի ընթացակարգով իրականացնել քննադատել է նաև «Թրանսփարենսի» հակառուպցիոն կենտրոնը։

Այնուամենայնիվ, կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները չեն ընդունում քննադատությունը։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, օրինակ, ասում է, թե իր պարագայում աշխատավարձն իջել է․ - «Վարչապետի և վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի որոշակի պրոցեսը կառավարվի: Օրինակ, այդ առավելագույն չափեր սահմանման արդյունքում իմ պարգևավճարը նվազել է: Առաջ 2 միլիոն էի ստանում, հիմա 1,5 միլիոն եմ ստանում»:

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համար ևս քննադատության տրամաբանությունը ընկալելի չէ․ - «Երբ որ հաշվետվությունը ներկայացնում ես, և ամբողջ երևալու է էնտեղ, ի՞նչ թաքցնելու մասին է խոսքը: Էդ նույն տրամաբանությամբ կասեք՝ էս ամիս չես ասել, որ դու արձակուրդայինից էսքան գումար ես ստացել»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին պնդում է, որ հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարությունն աշխատելու այլ մոտիվացիա ունի, և նախարարները լավ էին աշխատում անգամ մինչև 1,5 միլիոն դրամ վաստակելը: Սակայն աշխատավարձերի բարձրացման շնորհիվ, ըստ Բաթոյանի, կարողացել են որակյալ այլ կադրեր ներգրավել․ - «Որպեսզի նախարարը իր թիմում ներգրավի որակյալ կադրերի, այն կադրերին, որոնք հաջողել են այլ ոլորտներում, պիտի ունենա այդ հնարավորությունը»:


XS
SM
MD
LG