Մատչելիության հղումներ

Նախարարը դեռ չի ուսումնասիրել Հունանյանի դիմումը մերժելու հիմքերը


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ չի ուսումնասիրել, թե ինչ հիմքերով է մերժվել «Հոկտեմբերի 27»-ին ահաբեկչություն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի ներկայացրած վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը: Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը ներկայացրել էր ազատազրկման 20 տարին լրանալու հիմքով:

«Գնահատել են իրենց գործառույթների շրջանակներում, տվել են բացասական եզրակացությունը, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, այսինքն միջնորդությունը չի ուղարկվի դատարան», - ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացրած բացասական զեկույցը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններից հետո անհրաժեշտություն չի համարում այցելել Հունանյանին։ Հիշեցնենք, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն անցած տարի այցելել էր Հունանյանին։

«Ոչ մի ցանկություն չունեմ», - ասաց նախարարը:

Իսկ հարցին, թե արդյոք չի կարծում, որ Նաիրի Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հայտնել, Բադասյանն արձագանքեց․ - «Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»:

Հոկտեմբերի 24-ին Արման Բաբաջանյանը Նաիրի Հունանյանի հետ երկժամանոց առանձնազրույց էր ունեցել ունեցել, ինչից հետո էլ գրել, թե բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ: «Ազատության» հետ հարցազրույցում պատգամավորը հայտնել էր, թե Հունանյանից ստացել է պատասխաններ, որոնք էական տարբերություն ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից:

Վազգեն Սարգսյանի եղբայրը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում կարծում էր հայտնել, որ Հունանյանը «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ ոչ մի արժեքավոր տեղեկություն չի կարող տալ․ - «Դրա ասած որևէ խոսք հիմք չի կարելի ընդունել: «Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներին պիտի բացահայտվի գործուն հիմքերի վրա, փաստերով, ոչ թե տարբեր ստահակների քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու ինչ-ինչ նկրտումներից ելնելով»:

Հոկտեմբերի 27-ի ականատես, այն ժամանակ լրագրող Նարինե Դիլբարյանը Նաիրի Հունանյանի դիմումի մերժումը բնական է համարում: Դիլբարյանը, ով Հունանյանին դեռ ուսանողական տարիներից գիտի, համոզված է, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գլխավոր պարագլուխը չի փոխվել․ - «Բանտը շատ ավելի վստահելի տեղ է Նաիրի Հունանյանի համար՝ նրա անվտանգության տեսանկյունից: Այդուհանդերձ ես հույսերս չեմ կորցնում, որ մենք կկարողանանք անվտանգության համակարգ ձևավորել, մասնագիտական դատարաններ և քննչական մարմիններ: Եվ մենք կկարողանանք բացել և շատ հարցերի նոր պատասխաններ տալ»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, մեկ նախարար և հինգ պատգամավոր: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:

Հայաստանում այս պահին 91 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կա, նրանցից միայն մեկն է անկախությունից ի վեր վաղաժամկետ ազատ արձակվել:

XS
SM
MD
LG