Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ Այս իրավիճակում «Հոկտեմբերի 27»-ի գործի վերսկսումը անթույլատրելի է ու սխալ


Երեկ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցն էր:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով խորհրդարանի շենքում սպանվեցին Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ոճրագործության մասին հանրությունը խոսում է արդեն մի քանի օր, երբ անցած շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել:

Նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արամ Սարգսյան․ - Ինքը ի՞նչ ունի ասելու, ինքը ի՞նչ կարող է ասել, որին էս հանրությունը սպասում է: Ինքը պիտի ասի, որ «Հոկտեմբերի 27»-ը պատվիրատու է ունեցել, և դա էդ երկրի բարձրագույն իշխանություններն են եղել, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Եթե էդ ասում էր, ասենք, 17 թվականին, երբ իշխանափոխություն չէր եղել, բնականաբար, իր էդ ասածը տեղ չէր հասնում, էդ միանգամից փակում էին: Ինքը հիմի համոզված է ու տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում իր կողքի բանտախցում է, և մտածում է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ասված ցանկացած բան ի օգուտ իրեն է, ու ինքը նորից երկրի համար մեկ քաղաքական մարդն է դառնալու, ու նման նկրտումներ է ցույց տալիս: Ես պիտի միանշանակ ասեմ, որ կտրականապես դեմ եմ հանցագործի հետ որևէ համագործակցության, որևէ պայմանավորվածության, որևէ ծրագրի: Դրա ասած որևէ խոսք հիմք չի կարելի ընդունել: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուին պիտի բացահայտվի գործուն հիմքերի վրա, փաստերով, ոչ թե տարբեր ստահակների՝ քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու ինչ-ինչ նկրտումներից ելնելով:

«Հոկտեմբերի 27»-ի գործով կազմակերպիչների խնդիրը պիտի ապացուցվի դատավարությամբ, պիտի ապացուցվի բազմաթիվ հենքերից ելնելով:

Ես ընդհանրապես արտաքին քաղաքական վարկածը ստուգելու կողմնակիցն եմ, ես գտնում եմ, որ էս իրավիճակում, ինչը այսօրվա դատական համակարգն է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահություն չունեն դրա հանդեպ, երբ մենք խնդիրներ ունենք էսօր Սահմանադրական դատարանի հետ դեռևս չլուծված, ու էդ վեճերն է գնում, էսօրվա դրությամբ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով դատավարությունն է գնում, «Հոկտեմբերի 27»-ի գործի վերսկսումը գտնում եմ, որ անթույլատրելի է ու սխալ: Էդ գործը պիտի լինի հանգիստ ժամանակաշրջանում, պիտի լինի Հայաստանի Հանրապետության էնպիսի իրավիճակում, որ մենք կարողանանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Լիտվինենկոյի հայտարարած տարբերակը ստուգել Մոսկվայում: Իսկ էսօր ես չեմ տեսնում էդ հնարավորությունը, որ մեր պետությունը էդքան ուժ կամ էդքան թափ ունի հավաքած, որ կարողանա նման խնդիր ստուգել:

«Ազատություն»․ - Իսկ Լիտվինենկոն ի՞նչ էս ասում, պարոն Սարգսյան:

Սարգսյան․ - Լիտվինենկոն ասում էր, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, և էդ ասել է իր մահվանից մեկ շաբաթ առաջ, Լոնդոնի բանտում, երբ իրեն թունավորել էին պոլոնիումով: Ավելին՝ Միացյալ Թագավորության դատարանը Լիտվինենկոյի սպանությունը համարեց, որ կատարել են ռուսական հատուկ ծառայությունները, հիմնավորեց դատարանում դա:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 27-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG