Մատչելիության հղումներ

Բողոքի բազմամարդ ցույցեր Չիլիում


Չիլի - Հոկտեմբերի 25-ի բողոքի ցույցը Սանտյագոյում
Չիլի - Հոկտեմբերի 25-ի բողոքի ցույցը Սանտյագոյում

Չիլիում մեկ շաբաթից ավելի է բազմամարդ բողոքի ակցիաներ են անցնում: Կան զոհեր, հազարավոր ձերբակալվածներ: Իրավիճակը չի հանդարտվում, իսկ դիտորդները չեն բացառում վենեսուելական սցենարը Չիլիի համար:

Բողոքի ակցիաները սկսվել են, երբ կառավարությունը բարձրացրել է մետրոյի տոմսի գինը: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է, 7 հազար մարդ ձերբակալվել է:

Այս հարավամերիկյան երկրի նախագահ Սեբաստիան Պինյերան երեկ հայտարարել է, որ պաշտոնանկ է արել կառավարության բոլոր անդամներին և պատրաստ է ձևավորել նոր կառավարություն ու անցկացնել լայնածավալ սոցիալական բարեփոխումներ:

Չիլին, ի դեպ, Հարավային Ամերիկայի առաջատար երկրներից է, սակայն այստեղ բարձր է սոցիալական անհավասարությունը:

Ուրբաթ օրը մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Նախագահին և կառավարությանը նրանց հիմնական կոչն է՝ հրատապ միջոցներ ձեռնարկել սոցիալական անհավասարության դեմ:

Պինյերան երեկ փորձել է հանգստացնել ցուցարարներին՝ հայտարարելով, թե կատարելու է նրանց բոլոր պահանջները, և սոցիալական հարցերը կարգավորելու նպատակով նոր կառավարություն է ձևավորում: Դեռևս չորեքշաբթի օրը նախագահը խոստացել էր բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակները:

Ցույցերը, այդուհանդերձ, շարունակվում են, իսկ բողոքի դուրս եկած քաղաքացիներն էլ պահանջում են նաև նախագահի հրաժարականը:

Չիլիում հայտարարվել էր արտակարգ դրություն: Մայրաքաղաքի փողոցներում շուրջ 20 հազար ոստիկաններ են:

Պինյերան երեկ հայտարարել է, որ չեղարկում է պարետային ժամը: Իրավիճակը, սակայն, դեռ չի հանդարտվել:

XS
SM
MD
LG