Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում դատապարտված Մարիա Բուտինան ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք


Ռուսաստան - Մարիա Բուտինան վերադառնում է հայրենիք, Մոսկվա, 26-ը հոկտեմբերի, 2019թ.
Ռուսաստան - Մարիա Բուտինան վերադառնում է հայրենիք, Մոսկվա, 26-ը հոկտեմբերի, 2019թ.

Միացյալ Նահանգներում ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Մարիա Բուտինան վերադարձվել է հայրենիք, ուրբաթ օրը նա ազատ է արձակվել բանտից և փոխանցվել միգրացիոն ծառայությունների աշխատակիցներին:

Այսօր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում նրան դիմավորել են հարազատները, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

31-ամյա Բուտինան մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռուսաստանի շահերի ապօրինի լոբբինգ իրականացնելու մեղադրանքով : Ըստ ամերիկացի իրավապահների, Բուտինան Ռուսաստանի կառավարության առաջադրանքով փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի վրա: Այդ նպատակով նա կապ է հաստատել Հանրապետական կուսակցության խոշոր հովանավորների, այդ թվում՝ Ամերիկայի հրաձգային ընկերակցության հետ։ Ըստ մեղադրանքի, նա այդ ընկերակցությանն անդամակցելու միջոցով ԱՄՆ-ի պահպանողական ակտիվիստների շրջանում ռուսական գաղտնի ծառայությունների օգտին գաղափարական և կազմակերպական աշխատանք է ծավալել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաներ խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի իշխանություններին Բուտինային բանտարկելու համար և «շինծու» են որակել նրան ներկայացված մեղադրանքը:

XS
SM
MD
LG