Ամերիկյան դատախազությունը 1,5 տարվա ազատազրկում է պահանջում Ռուսաստանի քաղաքացի Մարիա Բուտինայի համար:
Նա մեղադրվել է օտարերկրացի չգրանցված գործակալի գործունեություն իրականացնելու մեջ և անցյալ տարվա դեկտեմբերին ընդունել է մեղադրանքը:
Դատախազը դատարանին հասցեագրված նամակում գրել է, որ «Բուտինայի գործողությունները հետապնդել են տեղեկատվություն հայթայթելու, կապեր հաստատելու և տեղեկատվության փոխանակման խողովակներ ստեղծու նպատակ, ինչը պետք է ծառայեր Ռուսաստանի Դաշնության շահերին»:
Բուտինան անցյալ տարվա հուլիսին է ձերբակալվել: Նրա ձերբակալությունը լրացուցիչ լարվածություն է հաղորդել ռուս-ամերիկյան առանց այն էլ բարդ հարաբերություններին:
Առաջադրված մեղադրանքով Բուտինան կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման, սակայն իրավապահները կարող են հաշվի առնել մեղադրանքն ընդունելու և հետաքննության հետ համագործակցելու նրա համաձայնությունը և ավելի մեղմ պատիժ ընտրել:
Դատարանը վճիռը կընդունի ապրիլի 26-ին կայանալիք նիստում: Կրեմլը «անհիմն» է որակել մեղադրանքը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Բուտինան ճնշման տակ է իրեն մեղավոր ճանաչել»: