Միացյալ Նահանգներում ազատազրկման 1,5 տարվա պատիժը կրելուց հետո ռուս գործակալ Մարիա Բուտինան այսօր ազատվում է Ֆլորիդայի բանտից և անմիջապես կարտաքսվի Ռուսաստան:
Բուտինան մեղադրվել է Ամերիկայի ազգային հրաձգային ընկերակցությանն անդամակցելու միջոցով ԱՄՆ-ի պահպանողական ակտիվիստների շրջանում ռուսական գաղտնի ծառայությունների օգտին գաղափարական և կազմակերպական աշխատանք ծավալելու համար:
31-ամյա Բուտինան պետք է նոյեմբերին ազատ արձակվեր, սակայն բանտի վարչակազմը հաշվի է առել նրա կարգապահությունը և ժամկետից առաջ է ազատություն շնորհում:
Նախքան ձերբակալությունը Բուտինան Ամերիկայում ասել է, թե ինքը Ռւսաստանում զենք կրելու իրավունքի համար պայքարող միության անդամ է:
Նա ասել է, որ զենք կրելը մարդու ազատություններից մեկն է և գովեստով է խոսել ընդհանրապես ԱՄՆ-ում ազատությունների ապահովման բարձր մակարդակի մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաներ խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի իշխանություններին Բուտինային բանտարկելու համար և «շինծու» են որակել նրան ներկայացված մեղադրանքը: